Օգոստոսի 15-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Հանքավանի «Հասմիկ» ճամբար` հանդիպելու իրենց ամառային հանգիստը Հայրենիքում անցկացնող Հալեպից ժամանած սիրիահայ շուրջ 150 պատանիների ու աղջիկների հետ: Ճամբար էին այցելել նաև օրեր առաջ Դամասկոսից ժամանած և Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում հանգստացող 120 սիրիահայ երեխաները:
Հանդիպմանը ներկա էին ամերիկահայ բարերար Հրայր Հովնանյանը` իր կնոջ Աննա Հովնանյանի հետ, Սիրիայի հայկական համայնքներում ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական Լենա Հալաջյանը, արվեստի գործիչներ:
ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, ողջունելով երիտասարդներին, վստահեցրեց, որ ճամբարում նրանց սպասում են անմոռաց և հետաքրքիր օրեր և վերադառնալով Սիրիա` իրենց հետ կտանեն Հայրենիքի շունչը, մայր հողի ուժը և ջերմ ու բարի հիշողություններ Հայաստանում անցկացրած օրերից: Նա նշեց նաև, որ չնայած նրանք բոլորը ապրում են աշխարհի տարբեր երկրներում, նրանց տունը, Հայրենիքը Հայաստանն է, որտեղ սիրով ու ջերմությամբ միշտ պատրաստ են նրանց ընդունելու:
Տիկին Հակոբյանը, ՀՀ սփյուռքի նախարարության և սիրիահայ երեխաների անունից շնորհակալություն հայտնեց հայ բարերարներին` նշելով, որ նրանց աջակցությամբ է իրականացվում տվյալ ծրագիրը:
Սիրիահայ երեխաները ասմունքեցին, երգեցին և պարեցին հայկական մեղեդիների ներքո պարեցին:
Հանդիպման ընթացքում նախարար Հակոբյանը և հյուրերը շրջեցին ճամբարում, զրուցեցին երեխաների հետ, հետաքրքրվեցին նրանց առօրյայով, ծանոթացան նրանց ապրելակերպի և հանգստի պայմաններին, եղան երեխաների համար նախատեսված սենյակներում: