Հոնկոնգում, նոյեմբերի 9-ին, տեղի ունեցավ «Ջեք եւ Ջուլի Մաքսյանների Հոնկոնգի հայկական կենտրոնի» բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած շուրջ 100 հայեր: Արարողությանը ներկա է եղել Գարեգին Բ Կաթողիկոսը, ով օծել է կենտրոնում տեղադրված Աստվածամոր սրբապատկերը եւ վեմ քարը:
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով, կարեւորելով հայկական կենտրոնի ստեղծումը, հույս է հայտնել, որ այն խթան կհանդիսանա Չինաստանի եւ ամբողջ տարածաշրջանի հայերին միավորելու եւ Հայաստանից հեռու գտնվող մեր հայրենակիցների ազգային ավանդույթներն ու դիմագիծը պահպանելու հարցում:
Հաջորդ օրը Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը մատուցել է Սուրբ պատարագ: Ապա Քալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Սեբուհ Ասլանյանը ներկաների համար կարդացել է դասախոսություն՝ Նոր Ջուղայի հայ վաճառականների կողմից ժամանակին ստեղծված համաշխարհային առեւտրային ցանցի վերաբերյալ: Դասախոսությունից հետո Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը ներկայացրել է ՀՎՀ կառուցվածքն ու գործունեությունը եւ հայտնել, որ այսուհետ հայկական կենտրոնի համակարգմամբ ՀՎՀ-ը կգործի նաեւ Չինաստանում եւ ողջ տարածաշրջանում:
Այնուհետեւ տեղի է ունեցել տարածաշրջանում առաջին հայ համայնքային կառույցի՝ «Չինաստանի հայ համայնքի» անդրանիկ նիստը, որի ընթացքում հաստատվեց կազմակերպության հիմնադիր արձանագրությունը եւ կառուցվածքը, ապա ընտրվեցին ղեկավար մարմինները՝ նախաձեռնության հեղինակներից մեկի՝ Հենրի Արսլանյանի գլխավորությամբ:
Նշենք, որ մինչ Հոնկոնգ ժամանելը Գարեգին Բ-ն հայրապետական այց է կատարել Չինաստանի Պեկին, Շանհայ եւ Գուանջոու քաղաքներ: Պեկինում նա այցելել է նաեւ ՉԺՀ-ում ՀՀ դեսպանություն, ուր տեղի է ունեցել Հայաստանի վարպետների կողմից պատրաստված եւ ՀՀ Անկախության տոնի նախօրեին Պեկին տեղափոխված առաջին խաչքարի օրհնման արարողությունը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am