Ամերիկայի Հայկական համագումարը «Իսլամացած հայերը» թեմայով գիտաժողով է կազմակերպել Կալիֆորնիայում: Գիտաժողովի բանախոսներն էին պրոֆեսոր Օշին Քեշիշյանը և Հայկական համագումարի ամառային կուրսի շրջանավարտներ Դորիս Մելքոնյանը, Արդա Մելքոնյան, Անուշ Սունին, ովքեր նոր էին վերադարձել անցած ամիս Ստամբուլում կայացած համանուն համաժողովից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի Հայկական համագումարից, բացման խոսքով է հանդես եկել ասամբլեայի խորհրդի անդամ Լիսա Գալուստյանը, ով շնորհակալություն հայտնեց ցուցաբերած հետաքրքրության և մասնակցության համար:
«Մեծ պատիվ է մեզ համար ունկնդրել այս երեք գիտնականների զեկույցները և նրանց ավարտական աշխատանքները ներկայացնել մեր համայնքին և անդամներին: Միջոցառման նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրությունը ցուցում է նրանց աշխատանքների կարևորության և արժեքավորության մասին»,- նշել է Ամերիկայի Հայկական համագումարի Արևմտյան շրջանի կառավարիչ Ալին Մախսուդյանը:
Բանախոսներից Դորիս Մելքոնյանը ներկայացրել է «Մուսուլմանական տներ տարվածները. հայ երեխաների վերապրումները Հայոց ցեղասպանության ժամանակ» աշխատանքը և պատմել Ստամբուլի կոնֆերանսի մյուս բանախոսների և նրանց ներակայացումների մասին:
Իսկ Արդա Մելքոնյանը ներկայացրել է «Գենդերը և Հայոց ցեղասպանության ժամանակ գոյատևման հնարավորությունները» թեման` ցուցադրելով նաև բանավոր պատմության, փրկվածների հիշողությունների օրինակներ:
«Տարբերության արտադրությունը. Իսլամացված հայերի դեպքը» խորագրով աշխատանք է ներկայացրել Անուշ Սունին, ով պատմել է նաև Թուրքիայում քրդական ընտանիքի հետ ապրելու և հայկական թաղամասերում անցկացրած ժամանակի մասին:
Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին քննարկումների ավելացումը պայմանավորված է հատկապես վերջին ութ տարիների ընթացքում նկատվող հայկական խնդրի տաբուի խախտմամբ: Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին ակադեմիական կոնֆերանսը Թուրքիայում տեղի է ունեցել 2005 թվականին: Դրանից ի վեր Հայոց ցեղասպանության մասին ավելի ու ավելի շատ կրթաթոշակային ծրագրեր են թափանցել Թուրքիա, ինչն իր հերթին նոր հնարավորություն էր բերել իր հետ, ինպես օրինակ` ծպտյալ «իսլմացած հայերի» բացահայտումը:
ARMENPRESS.am