Նոյեմբերի 11-18-ը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Աշոտ Մելքոնյանն այցելել է Արգենտինա և Ուրուգվայ, որտեղ մասնակցել է արգենտինյան OSDE հիմնադրամի և Միջազգային հարաբերությունների արգենտինյան խորհրդի կազմակերպած հայկական և հունական համայնքների մեծարման միջոցառմանը և հանդես է եկել դասախոսությամբ։
ԱԳՆ մամուլի ծառայունից հայտնում են, որ հայկական և հունական համայնքների մեծարմանը նվիրված միջոցառմանը մասնակցել են Հայաստանից և Հունաստանից այդ նպատակով հատուկ հրավիրված ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Ակրոպոլիսի թանգարանի տնօրեն Դիմիտրիոս Պանդերմալիսը, ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, Հունաստանի դեսպան Է.Լեյվադիտուն, OSDE հիմնադրամի նախագահ Տոմաս Սանչես դե Բուստամանտեն և այլք:
Դեսպան Մելիքյանն, իր ողջույնի խոսքում երախտագիտություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, նշել է, որ ավելի քան 95 տարի առաջ այս հեռավոր ափերում հաստատված մեր հայրենակիցները, չնայած աննկարագրելի դժվարություններին, տասնամյակների ընթացքում կարողացել են լիարժեք ինտեգրվել արգենտինյան հասարակության մեջ և դառնալով երկրի օրինապաշտ քաղաքացիներ, իրենց ընդգծված ներդրումն են ունեցել կրթության, մշակույթի, գիտության, բժշկության, տնտեսության և այլ բնագավառներում, ինչն, իսկապես, արժանի է բարձր դրվատանքի։
Աղբյուրը հայտնում է նաև, որ Արգենտինայի Պատմության ազգային ակադեմիայում Աշոտ Մելքոնյանը հանդիպել է ակադեմիայի տնօրեն դր Միգել Անխել դե Մարկոյի հետ։Քննարկվել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել ակադեմիայի և Հայաստանի պատմության ինստիտուտի միջև համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու, ինչպես նաև մասնագետների փոխանակման, դասախոսությունների կազմակերպման հնարավորությունները։
Աշոտ Մելքոնյանը հանդիպել է նաև արգենտինահայ համայնքի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Panorama.am