Հայաստանը երբեք խնդիր չի ունեցել հայկական գորգերի ազգային պատկանելության ապացուցման հետ, հայտարարեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։
«Գորգագործությունը բառացիորեն անբաժանելի է մեր ազգային պատկանելությունից, և գուցե դա է պատճառը, որ մենք երբեք խնդիր չենք ունեցել մեր գորգերի ազգային պատկանելության ապացուցման հետ», – ասաց Սամուելյանը չորեքշաբթի «Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» միջազգային գիտաժողովի բացման ժամանակ։
Նրա խոսքերով` հայկական գորգարվեստի վաղեմիության մասին են վկայում բազմաթիվ հնագույն գորգեր, որոնք գտնվել են աշխարհի տարբեր անկյուններում և արտացոլվել են հոլանդացի և իտալացի նկարիչների աշխատանքներում։
Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում գորգագործության ոլորտի կարևորության մասին է վկայում հայկական գորգարվեստը ՀՀ կառավարության գործունեության մշակութային քաղաքականության գերակա ուղղություն հանրահռչակելու մասին կառավարության որոշումը։
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն իր հերթին նշեց, որ գիտաժողովը կնպաստի հայկական գորգագործության ավանդույթների պահպանմանը վերաբերող հիմնական խնդիրների քննարկմանը։
«Երիտասարդ սերունդը պետք է գիտակցի հայկական գորգագործության ավանդույթների պահպանման կարևորությունը։ Այս կապակցությամբ երիտասարդ կադրերի մասնակցությունը գիտաժողովին կարևոր բաղադրիչ է», – ասաց Ավետիսյանն իր ողջույնի խոսքում։
Նա նաև ավելացրեց, որ միջոցառումը կնպաստի հայկական գորգագործության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանն ու ազդակ կդառնա այս ոլորտում նոր ուսումնասիրությունների անցկացման համար։
Գիտաժողովն անցկացվում է Երևանում նոյեմբերի 20–22–ը։ Այն նվիրված է հայկական գորգագործության մշակույթի ուսումնասիրության հարցերին, մասնավորապես` Հայոց գորգարվեստի տեղին առաջավորասիական գորգագործական մշա¬կույ¬թի համակարգում, ինչպես նաև հայկական գորգագործության առանձնահատկություններին։
Գիտաժողովին մասնակցում են հայտնի փորձագետներ ԱՄՆ–ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ավստրիայից, Լիբանանից և ԼՂՀ–ից, ինչպես նաև գորգագործությամբ զբաղվող կազմակերպություններ։
ՀՀ կառավարությունն այս տարվա հուլիսին որոշում է ընդունել հայկական գորգարվեստը ՀՀ կառավարության գործունեության մշակութային քաղաքականության գերակա ուղղություն հանրահռչակելու մասին։ Այս կապակցությամբ հանրապետությունում և ԼՂՀ–ում անցկացվել են գորգագործությանը նվիրված մի շարք միջոցառումներ, մասնավորապես` կազմակերպվել են ցուցահանդեսներ և փառատոններ։ Մեկնարկել է նաև գորգերի վիրտուալ թանգարանի ստեղծման նախագիծը։
Հրատարակվել է նաև Ֆոլկմար Գանցհորնի «Քրիստոնեական արևելյան գորգ» հիմնարար աշխատության հայերեն թարգմանությունը, որը ներկայացնում է հայկական մշակութատարածքում գորգազարդության արվեստի ծագումը։
Միջոցառումների շրջանակներում նախատեսված է նաև Մուշեղ և Միքայել Մարտիրոսյաններ–Չալոյանների գորգերի հավաքածուի ցուցահանդեսը, որը կկազմակերպվի այս տարվա նոյեմբերի–դեկտեմբերին Երևանում։
Նովոստի–Արմենիա