Կարմիր բլուրում պեղումների ժամանակ հնագետները մի հսկայական դամբարանադաշտ են պեղել, որտեղ լավագույնս պահպանված է թաղման ծեսը: Ինչպես նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը, պեղումների առաջին փուլում դեռեւս 700 մետր տարածք է հետազոտվել: «Երկրորդ փուլում արդեն իսկ կուսումնասիրվեն դամբարաններն առանձին- առանձին»,-ասաց նա: Սիմոնյանը նշեց, թե նախնական տվյալներով կարելի է ասել, որ դամբարանները քաղաքաբնակ աշխատավոր խավին են պատկանում: «Մենք արդեն տվյալներ ունենք, թե ինչպիսի դիրքով են
մահացածին թաղել: Հիմա հարկավոր է սպասել պեղումների մյուս արդյունքներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հավելեց Սիմոնյանը:
Թեյշեբաինիում (Կարմիր բլուր) պեղվել է երկու հազար քառակուսի մետր մակերեսով, երկարավուն ճակատի կողմից չորս առանձին մուտք ունեցող մի մեծ շենք։ Շենքն ունի հատակագծով միմյանց կատարելապես համընկնող 11- սենյականոց 4 բնակարան։ Կարմիր բլուրի վիմագրական նյութը, պատմելով Ռուսա Բ-ի հիմնած քաղաքի, տաճարների, սրբատեղերի, պաշտամունքային այլ կառույցների մասին, ավելի որոշակի է դարձնում կառույցների նշանակությունը։
Վիմագիր արձանագրությունները հիմնականում վերաբերում են շինարարական գործունեությանը և գրված են մեծ մասամբ պաշտամունքային կառույցների մանրամասների վրա (որմնաքարեր, մուտքի բեկորներ և այլն): Կարևոր աղբյուրներ են սեպագիր կավե սալիկները (բերդի արխիվ), որոնք առավելապես բովանդակում են տնտեսական փաստաթղթեր և Թեյշեբաինիում բնակվող փոխարքային ուղղված իրավաբանական բնույթի գրություններ ու արքայական հրամաններ:
Armenpress.am