Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը պաշտոնապես հայտնել է, որ Ստամբուլի քաղաքապետի իրենց թեկնածուն Մուսթաֆա Սարըգյուլն է:
Թուրքական NetGazete Կայքի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 22-ին, Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության խորհրդի 6 ժամ տեւած նիստի ժամանակ քննարկվել են 2014 թվականի մարտի 30-ին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կուսակցության թեկնածուների հարցը: Նշվել է, որ Ստամբուլի համար կուսակցությունը պաշտոնապես առաջադրել է Մուսթաֆա Սարըգյուլի թեկնածությունը:
Մուսթաֆա Սարըգյուլը ներկայում զբաղեցնում է Ստամբուլի Շիշլիի քաղաքապետի պաշտոնը:
Նշենք, որ Մուսթաֆա Սարըգյուլը առաջին թուրք քաղաքապետն է, ով Ստամբուլի հայկական եկեղեցիների, դպրոցների վերանորոգման եւ ազգային փոքրամասնությունների միջոցառումներին աջակցելու համար Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից Հովհաննես Կոլոտ պատրիարքի անունով հատուկ մեդալ է ստացել։ «Ձեզի շատ գսիրեմ»,-իր շնորհակալական խոսքում հայերենով ասել էր Մուսթաֆա Սարըգյուլը: