Թուրքական «Եշիլ գազեթե» թերթը երիտթուրքերի առաջնորդներից Թալեաթի եւ Թուրքիայի Հանրապետության երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուի մասին հրապարակած հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության իրողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածի հեղինակ Այշե Գյունայսուն ընթերցողների ուշադրությունն է հրավիրել 2006թ.-ին տպագրված` «Իսմեթ Ինոնյու. հուշագրություններ» գրքի որոշ հատվածների վրա:
«Գրքում հանդիպեցի Թալեաթ փաշայի մասին դիտարկումների եւս: Հայոց ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշան, ով մաթեմատիկական սառնասրտությամբ կազմել էր հայերին ոչնչացնելու ծրագիրը, «ազգի առաջնորդ» Իսմեթ Ինոնյուի կողմից ներկայացվում է որպես «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության հեղինակություն` ամենաարժեքավոր մարդ: Գրքում մեծ փութաջանությամբ գովերգվում է Թալեաթի` հայերի հանդեպ սառնասրտությունը: Գրքի երեք էջերում մի ամբողջ ժողովրդի ոչնչացման գործողության գլուխ կանգնած Թալեաթ փաշան ընթերցողին ներկայացվում է որպես պետական մեծ գործիչ»,- զարմանք է հայտնում Այշեն:
Թուրք լրագրողը համոզմունք է հայտնում, որ Թուրքիայի Հանրապետությունում թուրքերի կողմից հայերի եւ քրդերի նկատմամբ այսօր եւս իրականցվող քաղաքականությունը իր էությամբ մնացել է նույնը, ինչպես երիտթուրքերի ժամանակ:
Armenpress.am