Ռուսաստանի մայրաքաղաքի Միությունների տան սյունազարդ դահլիճում կայացել է Մոսկվայում Երեւանի օրերի գալա-համերգը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մոսկվայի կառավարության պաշտոնատար անձանց եւ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամների հետ ներկա է գտնվել համերգին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե երեկոյի ընթացքում մոսկովյան արվեստասեր հասարակությունը հնարավորություն է ունեցել ունկնդրելու հայ եւ արտասահմանյան կոմպոզիտորների ինչպես դասական, այնպես էլ ջազային եւ էստրադային հայտնի ստեղծագործությունների կատարումներ` հայ երաժշտարվեստի սիրված ու ճանաչված ներկայացուցիչների կատարմամբ:
Ամբողջ երեկոյի ընթացքում արտիստներին նվագակցել եւ առանձին կատարումներով հանդես է եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Հանդիսատեսը հատուկ ոգեւորությամբ եւ ջերմությամբ է արձագանքել գալա-համերգին ներկայացված Երեւանի ու Հայաստանի մասին երգերի ընտրանուն: Իսկ արդեն համերգի ավարտին հատկապես ռուս հանդիսատեսները խոստովանել են, որ իսկապես հիացած են հայ կատարողների վարպետությամբ: