Մոսկվայում Երեւանի օրերի միջոցառումների շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Մոսկվայի կառավարության հետ համատեղ, առաջին անգամ կազմակերպել է հայկական գինիների ցուցահանդես-համտես:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե միջոցառմանը ներկա են եղել Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկված քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, պատվիրակության այլ անդամներ: Ցուցահանդեսին մասնակից շուրջ 15 հայկական ընկերությունները ներկայացրել են իրենց արտադրանքը Ռուսաստանի գինիների ներմուծմամբ զբաղվող խոշոր ընկերություններին` հնարավորություն ստեղծելով առեւտրատնտեսական արդյունավետ համագործակցություն ծավալել:
Միջոցառմանը մասնակից գինու ռուս մասնագետները, համտեսելով ներկայացված գինիների տեսականին, բարձր են գնահատել դրանց որակական հատկությունները:
Կազմակերպիչները վստահեցրել են, որ նման միջոցառումները լինելու են շարունակական եւ կազմակերպվելու են ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երեւանում: