Երկուշաբթի Երևանի Մոսկովյան–Նալբանդյան–Իսահակյան փողոցների խաչմերուկում «Միացյալ Խաչ» հուշարձան է բացվել, որը խորհրդանշում է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը։
Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հանձնաժողովի ռուս համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
«Այս հուշարձանը, արվեստագետի վարպետության շնորհիվ, իր մեջ մարմնավորել է այն հույզերն ու խորը զգացմունքները, որոնք միմյանց հանդեպ տածում են մեր երկու ժողովուրդները։ Այն Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային և բազմակողմանի մարդկային կապերի, այն ուղու մարմնացումն է, որը մենք անցել ենք կողք կողքի և այն հոգևոր հիմքի, որի վրա կառուցել և շարունակում ենք կառուցել մեր հարաբերությունները», – բացման ժամանակ ասել է Տիգրան Սարգսյանը։
ՀՀ վարչապետը նաև ավելացրել է, որ այս իրադարձությանը հատուկ նշանակություն է հաղորդում նաև այն, որ այն տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցի շրջանակներում։
Սոկոլովն իր հերթին նշել է, որ Մոսկվայում գտնվող բացարձակապես նույնատիպ հուշարձանի բացումը Երևանում խորհրդանշում է այն վաղեմի պատմությունը, այն բարեկամական, փոխօգնության հարաբերությունները, որոնք միշտ առկա են եղել հայ և ռուս ժողովուրդների հարաբերություններում։
«Նրանք հիմնականում հենվում էին քրիստոնեական բարոյականության վրա, որը մարմնավորում է այս հուշարձանի կենտրոնում պատկերված խաչը», – նշել է նա։
Սպիտակ-մոխրագույն գրանիտից կերտած, 4,5 մետր բարձրությամբ հուշարձանն իրենից ներկայացնում է երկու բարեկամ՝ հայ և ռուս ժողովուրդները խորհրդանշող կանանց, ովքեր գլուխ են խոնարհել ընդհանուր հավատի խորհրդանիշ խաչի առջև և այդ խոնարհումով միաժամանակ պաշտպանում են խաչը:
Այս հուշարձանի նույնատիպը 1997թ., Մոսկվայի 850-ամյակի առթիվ տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում` «Նիկիտյան Դարպասներ»-ի պուրակում և դարձել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ:
Հուշարձանի պատվանդանի փորագրությունն ընտրվել և օրհնվել է Համայն Ռուսիո երջանկահիշատակ Պատրիարք Ալեքսի Երկրորդի կողմից՝ «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»:
Ինչպես լրագրողներին տեղեկացրել է հուշարձանի հեղինակային խմբի ղեկավար, Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Ֆրիդ Սողոյանը, հուշարձանը Մոսկվայում տեղադրված հուշարձանի հեղինակային կրկնությունն է։
Երևանի հուշարձանը ստեղծվել է մոսկվաբնակ հայ ձեռներեցներ Սերգեյ Համբարձումյանի և Մակար Նահապետյանի աջակցությամբ։
Նովոստի–Արմենիա