Խորհրդային կոմպոզիտոր Տիխոն Խրեննիկովի 100–ամյակի պատվին համերգ կկայանա Երևանի «Մոսկվայի Տուն» Մոսկովյան մշակութային–գործարար կենտրոնում, հայտնում է Կենտրոնի մամուլի ծառայությունը։
Համերգին ելույթ կունենա Տիխոն Խրեննիկովի անվան քառյակը, որի կազմում են կոմպոզիտորի ծոռը, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր Տիխոն Խրեննիկով կրտսերը (դաշնամուր), Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Նադեժդա Ֆեդորչենկոն (թավջութակ) և միջազգային մրցույթների դափնեկիրներ Ստանիսլավ Կորյակինը (ալտ), Ալեքսանդր Սեմյաննիկովը (1-ին ջութակ) և Վլադիմիր Սեմյաննիկովը (2-րդ ջութակ)։
Համերգի ծրագրում կհնչեն դաշնամուրի համար գրված պիեսներ և ֆանտազիաներ ` Տիխոն Խրեննիկովի երգերի թեմաներով, ինչպես նաև Տ.Խրեննիկովի և Ա.Չայկովսկու լարային քառյակի ստեղծագործությունները։
Տիխոն Խրեննիկովի անվան քառյակը հիմնվել է 1990 թվականին։ Քառյակը հանդես է եկել համերգներով Ռուսաստանի խոշոր քաղաքներում, ինչպես նաև հյուրախաղեր անցկացրել աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում` Ճապոնիայում, Շվեյցարիայում, Անգլիայում և ԱՄՆ–ում։
Նովոստի–Արմենիա