Գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կրկին բարձրացրեց իր` «Գիրք մնացորդացի» հարցը` նշելով, որ այն շարունակում է մնալ կալանքի տակ` Չարենցի թանգարանում` Չարենցի դստեր պահանջով:
Գասպարյանը նշեց, որ օրերս է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ հրավիրել էին նրան` գրքի ճակատագրի մասին իմանալու համար:
«Ւնձ հրավիրել էին բացատրությունների. եղա UCLA համալսարան, Ֆրեզնոյի համալսարանի հայագիտական ամբիոն եւ տեղի գրողների միությունում: Ես էլ ներկայացրի, թե պարզ չէ` ինչու են գիրքս կալանքի տակ պահում, քանի որ նրանք, ովքեր դեմ են արտահայտվում գրքիս տարածմանը, չեն էլ կարդացել այն»,-ասաց գրականագետը:
Գասպարյանի հավաստմամբ, գրքում զետեղված են Չարենցի «Նաիրյան դոֆի» շարքն ամբողջությամբ, գործեր, որոնք Չարենցը նվիրել է իր ընկերներին եւ էրոտիկ բնույթի բանաստեղծություններ.«Չարենցն առողջ տղամարդ էր, դրա համար էլ ազատ էր գրում, նրա էրոտիկ բանաստեղծությունները փաստում են էն մասին, որ, նա, այո, առողջ տղամարդ է եղել եւ սուտ են մյուս բոլոր լուրերը: Ի՞նչ է` ամոթ է դրանք ներկայացնելը, ինչի՞ են արգելում, եթե գիրքը ներկայացնում է Չարենցի` զգացմունքները հակառակ սեռի հանդեպ»:
Ըստ նրա, Չարենցի դուստրը, ժառանգը գնահատելի է, սուրբ մասունք, բայց ժառանգը դեռեւս ծնողը չէ.«Ին՞չ է նշանակում Չարենցի տանը Չարենցի գիրք փակել, հիմա որ Չարենցը աչքերը բացեր, կասեր՝ էս ի՞նչ եք անում»:
Գասպարյանը տեղեկացրեց նաեւ, որ օրերս լույս է տեսել Միրոն Նեստերչուկի ուկրաիներեն թարգանությամբ Չարենցի ստեղծագործությւոնները: Ըստ նրա, գիրքը Չարենցի գործերի ընտրանին է, իսկ ստեղծագործությունների ընտրությունը կատարել է թարգմանիչը:
Yerkir.am