Թուրքական մամուլն արձագանքել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին ուղղված ուղերձին՝ այն անվանելով խիստ ուղերձ Հայաստանի կողմից։
Թուրքական Hurriyet-ը, «Նախ ճանաչիր Ցեղասպանությունը, հետո բաց սահմանը» վերնագիրը կրող հրապարակման մեջ նշել է, երկար ժամանակ հայ-թուրքական հարաբերություններում որեւէ զարգացում չկա եւ այդ համատեքստում Ահմեդ Դավութօղլուն առաջընթաց ապահովելու համար քայլ է անելու։
«Դավութօղլուն Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու համար Երեւան է մեկնելու։ Սակայն, Դավութօղլուն երբ հայտարարեց իր այցի մասին, Երեւանից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում խիստ ուղերձ եկավ»,-նշվել է հրապարակման մեջ։
Hurriyet-ը ներկայացրել է, որ Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը Դավութօղլուին խորհուրդ է տվել սադրիչ հայտարարությունների փոխարեն Երեւանում այցելել Ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։
Նշենք, որ դեկտեմբերի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Երեւանում մասնակցելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին։