Դեկտեմբերի 8-ին Փարիզի հեղինակավոր «Salle Gaveau» մեծ համերգասրահում տեղի ունեցավ 1988թ. Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված երեկո` «Շնորհակալություն Ֆրանսիա. Հայաստանը հիշում է» խորագրով:
Գյումրիում ծնված և 1988թ. ավերիչ երկրաշարժի փլատակներում իր ծնողներին կորցրած օպերային երգիչ Մուրադ Ամիրխանյանի նախաձեռնությամբ նույն բեմում միավորվել էին կինոգործիչներ Սերժ Ավեդիկյանը և Լևոն Մինասյանը, օպերային երգչուհի Իզաբել Շարլը, ջութակահար Ռոբերտ Ստեփանյանը, թավջութակահար Դոմինիկ դե Վիլիենկուրը և դաշնակահար Աշոտ Խաչատրյանը:
Դահլիճում ներկա էին Ֆրանսիայի տարբեր գերատեսչությունների և քաղաքային իշխանությունների, Արտաքին գործերի նախարարության ճգնաժամի խմբի, Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների վարչության, Քազաքացիական պաշտպանության Փարիզի վարչության, ֆրանսիական Կարմիր Խաչի, «Բժիշկներ Առանց Սահմաններ» և «Աշխարհի բժիշկներ» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև երկրաշարժից հետո մարդասիրական և բարեգործական գործունեություն ծավալած ֆրանսահայ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման ելույթով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը` ընդգծելով հայ ժողովրդի երախտագիտության բարձր զգացումը միջազգային հանրության և հատկապես Ֆրանսիայի հանդեպ` երկրաշարժին հաջորդած լայնածավալ օգնության համար: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին Սերժ Ավեդիկյանի և Լևոն Մինասյանի` Սպիտակի ավերիչ երկրաշարժի և դրա հետեւանքների մասին պատմող "Lux Aeterna" և "Terra Emota" կարճամերտրաժ վավերագրական ֆիլմերը: Երեկոյի համերգային մասում երգիչներն ու երաժիշտները կատարեցին Կոմիտասի, Սպենդիարյանի, Եկմալյանի և այլոց ստեղծագործությունները:
Ընդմիջման ընթացքում հուշ-երեկոյի ներկաները տեղափոխվեցին դեպի «Salle Gaveau»-ի ցուցասրահ, որտեղ կայացավ ֆրանսիացի լուսանկարիչներ Էլզա Ֆաբրեի և Գրեգորի Կոմբի ցուցահանդեսի բացումը` կոչված ներկայացնելու օր օրի վերափոխվող Գյումրին` իր ներկայիս բոլոր գույներով:
Նույն օրն առավոտյան Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագներ մատուցվեցին Փարիզի Սուրբ Հովհանես-Մկրտիչ եկեղեցում և Ֆրանսիայի այլ քաղաքների հայ առաքելական եկեղեցիներում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ