Ռուսաստանի Արզամաս քաղաքում մթնոլորտը վերջին երկու օրերին կայունացել է, բայց այդ մթնոլորտը փոթորկից առաջ հանգստություն է հիշեցնում: Եւ դա իզուր չէ, դեկտեմբերի 14-ին քաղաքի հրապարակում պատրաստվում են հավաքվել ոչ թե հարյուր մարդ, ինչպես դեկտեմբերի 9-ին, այլ հազարավորներ: Ամեն դեպքերում, սոցիալական ցանցերի խմբերից մեկում այդ ակցիային մասնակցելու ցանկություն է հայտնել 12 հազար մարդ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Միաժամանակ, քաղաքի փողոցներում ոստիկանությունն ու ՕՄՕՆ-ը շարունակում են հերթապահություն իրականացնել: Տեղացիներն ասում են, որ հայկական «Օչագ» սրճարանի մոտ տեղի ունեցած սպանությունից հետո իրենք ոչ միա անգամ ներգաղթյալների չեն տեսել:
«Մեր քաղաքում շատ են ներգաղթյալները, բայց դեկտեմբերի 7-ին տեղի ունեցածից հետո նրանց չեմ հանդիպել ոչ խանութներում, ոչ՝ շուկաներում»,-ասել է Արզամասի բնակչուհի Օքսանա Լ.-ն:
Ըստ մամուլի տեղեկությունների՝ փաստացի Արզամասի բոլոր ներգաղթյալներն անհետացել են: Ոմանք արդեն լքել են քաղաքը,մյուսները պատրաստվում են լքել:
«Իմ որդու հետ դասարանում հայ երեխա է սովորում, համարձակ, ուշիմ: Բայց «Օչագ»-ում տեղի ունեցածից հետո նա դպրոց չի հաճախում»,-պատմել է Օլգա Սերովան:
Այդուհանդերձ, Նիջեգորոդի մարզում հնարավոր է եղել հանդիպել մի հայի, որը բիզնես ունի: Հասկանալի պատճառներով նա իր անունը չի նշել, բայց խոստովանել է, որ հիմա վախենում է փողոց դուրս գալ եւ դատապարտում է ներգաղթյալներին, որոնք հանցագործություններ են կատարում: «Մենք չենք ուզում պատասխանատվություն կրել նրանց փոխարեն»,-ասել է նա:
Ներկայումս Արզամասի հայերի 80 տոկոսը պատրաստվում է հեռանալ քաղաքից, որտեղ նրանց ամեն բան շատ ծանոթ է, որտեղ լավ բիզնեսներ ունեն:
Լուրեր Հայաստանից - NEWS.am