Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախապայման է ներկայացվել ազատագրված 2 շրջանի հանձնումը, սպեկուլյացիա է: Չնայած այս հայտարարությանը, Դավութօղլուն իր խոսքում կրկին շեշտել է, թե Կովկասում համագործակցության համար անհրաժեշտ է լուծել սառեցված խնդիրները:
Թուրքական Haberflash կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայաստանցի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո թուրք լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: «Մենք ուզում ենք, որ Հայաստանի հետ հարաբերությունները մյուս հարեւանների պես լինեն բարձր մակարդակի վրա: Այդ համատեքստում մեր կառավարությունները լուրջ ջանքեր են ներդրել», -ասել է Դավութօղլուն՝ պնդելով ցանկանում է, որ տարածաշրջանում էներգետիկ զարգացումների համատեքստում Հայաստանը հաղթահարի սառեցված խնդիրները եւ տնտեսական նախագծերի հիմնական մաս կազմի:
Լրագրողներից մեկի հարցին, թե մամուլում տեղեկություններ կան, որ սահմանը կբացվի, եթե Հայաստանը դուրս գա ազատագրված տարածքներից, Դավութօղլուն պատասխանել է, թե ոչ ինքը, ոչ էլ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկ այլ պաշտոնյա նման բան չի ասել: Նա ասել է, թե նման տեղեկությունները նախ թուրքական, այնուհետ հայկական մամուլում են հայտնվել, որոնց վերաբերյալ մեկնաբանությունները զուրկ են առողջ հիմքերից:
«Դրանք ամբողջովին սպեկուլյատիվ կամ անցած քննարկումների, առաջարկների վրա հիմնված մեկնաբանություններ են: Մեր առաջնային նպատակն է երկխոսության եւ բանակցությունները կառուցել առողջ հոգեբանական մթնոլորտի հենքի վրա, որի համատեքստում ընդունելի կլինի ամեն տեսակ կառուցողական միտք: Երկրները գիտեն իրենց դիրքորոշումները, սակայն նման սառեցված խնդիրներում դիրքորոշումները կարող են հարստացվել նոր մտքերով»-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին Երեւանում բողոքի ակցիաների ներքո մասնակցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության նիստին։ Իսկ նիստի ավարտից հետո տեղի է ունեցել Դավութօղլու-Նալբանդյան հանդիպումը: