Երեւանում ծնված բալետի դերասան Դավիթ Կարապետյանը 2013թ.-ի «Շչելկունչիկ» ներկայացման մեջ կատարում է արքայազն Շչելկունչիկի դերը Սան-Ֆրանցիսկոյի Բալետում: Այդ մասին գրում է Examiner.com կայքը: Կարապետյանը սովորել է Հայաստանի բալետի դպրոցում ու Շվեյցարական պրոֆեսիոնալ բալետի դպրոցում: Ցյուրիխի բալետում աշխատելուց հետո նա 2005թ.-ին դարձել է Սան-Ֆրանցիսկոյի Բալետի մենակատար:
Examiner.com կայքին տված հարցազրույցում բալետի դերասանը պատմել է, որ ներկայացումից առաջ նա սովորաբար մարզվում է ու տաքացնում մկանները մեկ ժամ կամ դրանից ավել: «Կարեւոր է ճկուն լինել այն պահին, երբ բեմ եմ դուրս գալիս»,- ասել է նա՝ հավելելով, որ ներկայացման շրջանում օրական մոտ վեց ժամ պարապում է, շաբաթվա վեց օրերին: «Երբ ես չեմ աշխատում, միեւնույնն է, ֆիզիկապես ակտիվ եմ լինում, գոլֆ եմ խաղում ու կատարում «գիրոտոնիկ» վարժություններ»,- պատմել է նա:
Այն հարցին, արդյոք բալետի դերասանները հատուկ սննդակարգի են հետեւում, Դավիդ Կարապետյանը պատասխանել է. «Մեծամասնությունը պարզապես փորձում է լավ սնվել ու առողջ սնունդ ստանալ, քանի որ պարելու համար մեզ շատ էներգիա է հարկավոր»:
1944թ.-ին Սուրբ Ծննդյան նախօրեին Սան-Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում «Շչելկունչիկի» ամերիկյան պրեմիերայից հետո այն վերածվել է տոնի ազգային ավանդույթի: Այս հանգստյան օրերին բացումից հետո Սան-Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում «Շչելկունչիկի» ներկայացումները կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 29-ը: