Երեւանում դեկտեմբերի 13-ին մեկնարկել է լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Կարմիր Խաչի ու Կարմիր Մահիկի մարդասիրական գործունեության 150-ամյակին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության նախաձեռնությամբ:
Ցուցահանդեսն ընթանում է «Մոսկվա» կինոթատրոնում:
Բացման արարողության ժամանակ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը պատմել է կազմակերպության ստեղծման եւ այսօրվա գործունեության մասին: Նա նշել է, որ անցած տարի ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են կես միլիոն դատապարտյալների, 2 հազար մարդու օգնել՝ միանալու ընտանիքներին, ջրի ապահովման հարցում օգնել 20 հազար մարդու: Նա նշել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները Հայաստանում աշխատում են երկու տասնամյակ, եւ աշխատանքի հիմնական մասը կապված է ղարաբաղյան հակամարտության հետ:
«ԿԽՄԿ մարդասիրական գործունեությունը 1863-2013թթ.» ցուցահանդեսում ներկայացված են 55 պատմական եւ ժամանակակից լուսանկարներ: Կադրեր են անցած դարի պատերազմներից, նաեւ Աֆղանստանից, Սուդանից, Լիբիայից եւ Սիրիայից:
ԿԽՄԿ-ն ներկայուսիչ գործում է աշխարհի 90 երկրներում, երեք անգամ ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ դեկտեմբերի 23-ը: