Աշխարհին Հայոց ցեղասպանության մասին բարձրաձանելու լավագույն միջոցներից մեկը մշակույթն է: Դրա վառ ապացույցն է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի` Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցին նվիրված 2005 թվականին ստեղծված «Ադանա» նախագիծը և համանուն երգը: Երգահանը ծրագրում է արդեն 20 լեզուներով հնչող երգը զետեղել մեկ` 15 լեզուներով հնչող ձայնասկավառակում և կրկին ներկայացնել հանրութան դատին ամբողջ աշխարհում: «Այսպես հնարավորություն կլինի աշխարհին ներկայացնելու կորցրածի մասին, յուրաքանչյուրին հասկանալի լեզվով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գևորգյանը:
Նա ծրագրում է նաև 15 օտարազգի երգիչների մասնակցությամբ համերգային շրջագայություն կազմակերպել տարբեր երկրներում: «Օտարազգիներին պետք է իրենց լեզվով պատմել ցեղասպանության մասին»,- ասաց երգահանը` տեղեկացնելով, որ այժմ աշխատում է նաև նոր երգի վրա: «Սև ապրիլ» երգը գրված է սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար: Տեքստի հեղինակն է դիրիժոր, երգահան, գրող Հենրիկ Անասյանը:
Նա հույս ունի, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ՀՀ սփյուռքի նախարարության և Հայ դատի գրասենյակների հետ համակարգված աշխատանքի արդյունքում, ինչպես նաև արտերկրում ապրող հայրենակիցների աջակցությամբ իր գաղափարը հնարավոր կլինի կյանքի կոչել և ևս մեկ անգամ նպաստել ոճրագործության մասին միջազգային իրազեկմանը:
Անդրադառնալով իր մյուս ծրագրերին` ՀՀ վաստակավոր արտիստը նշեց, որ իր` երգի տեսքով աշխարհին ուղղված խաղաղության յուրօրինակ կոչ հանդիսացող «Սիրեցեք զմիմյանս» նախագիծը նույնպես շարունակում է իր ընթացքը` քայլեր ձեռնարկելով գաղափարի շուրջ միավորել աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայտնի կատարողներին: «Սիրեցեք զմիմյանս» նախագծում հայտնի կատարողները համանուն երգի հատվածները կկատարեն իրենց երկրներում, այնուհետև կգան Հայաստան եւ երգի վերջաբանը կերգեն այստեղ: Երգն արդեն ձայնագրվել է ֆինն, շվեդ, գերմանացի, հնդիկ, արաբ և ամերիկացի կատարողների կողմից, ինչպես նաև մասնակցության համաձայնություն են տվել իտալացի և հույն կատարողները:
Գևորգյանը նշեց, որ թեև 2012 թվականի սեպտեմբերին նախագիծը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին` խնդրանքով, որպեսզի օտարերկրյա պետություններում գործող հայկական դեսպանատները միավորեն ջանքերը համաշխարհային մեծության երաժիշտների հետ կապ հաստատելու և նախագծում նրանց ներգրավածության մասին պայմանավորվածություն ձեռք բերելու համար, սակայն մեծ չի եղել արձագանքը: Նա առաջիկայում փորձելու է նորից ջանքեր գործադրել դեսպանատները նախագծի իրագործման աշխատանքում ներգրավելու համար, որպեսզի նախագիծն արդյունքում իրականացվի առավել մեծ մասշտաբով:
Խաղաղությանը միտված ևս մեկ նախագիծ է նաև երգահանի Կոմիտասի «Օրոր» ստեղծագործության նոր մշակումը, ինչպես նաև առաջիկայում երաժշտության հիման վրա տեսահոլովակի ներկայացումը հանրությանը: Դուդուկի նվագակցությամբ ուղեկցվող այս երաժշտությունն ուղղված է պատերազմի զոհ դարձած երեխաների պաշտպանությանը:
Գևորգյանը կոչ է անում պատերազմի մասին պատմող տարբեր փաստավավերագրական հրապարակված կամ չհրապարակված նյութեր ունեցողներին աջակցել իրեն:
ARMENPRESS.am