Հայաստանում մի շարք մշակութային միջոցառումներ կտեղափոխվեն նոր ամսաթվի` երկուշաբթի 84 տարեկան հասակում մահացած երկրի նախագահի հոր` Ազատ Ավետիսի Սարգսյանի քաղաքացիական հոգեհանգստի կապակցությամբ։
Ազատ Սարգսյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 18–ին Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 19–ին։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի քարտուղար Լուսինե Մնացականյանը նշեց, որ մասնավորապես հետաձգվել է հայտնի հայ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի 55–ամյակին և ստեղծագործական գործունեության 33–ամյակին նվիրված համերգը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
«Համերգը տեղափոխվել է դեկտեմբերի 21–ին, այն տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում»,– պարզաբանեց Մնացականյանը։
Հետաձգվել է նաև նոր հայկական ժողովրդական երաժշտական գործիքի` բաս քանոնի շնորհանդեսը, որը նախատեսված էր դեկտեմբերի 18–ին։
Ինչպես տեղեկացրեց կոմպոզիտոր Արա Գևորգյանը, շնորհանդեսը տեղափոխելու մասին խնդրել է Մշակույթի նախարարությունը։
«ՀՀ մշակույթի նախարարությունը մեզ խնդրեց մի քանի օրով հետաձգել միջոցառումը, քանի որ հայ հասարակության մեծ մասն այսօր գտնվում է Լեռնային Ղարաբաղում»,– ասաց նա։
Նախօրեին նաև տխուր իրադարձության հետ կապված` դեկտեմբերի 17–ի փոխարեն դեկտեմբերի 23–ին տեղափոխվեց «ՌոմանոսՖեստ» հայկական կոմպոզիտորական արվեստի փառատոնի բացումը։
Նովոստի-Արմենիա