Եթե ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու՝ միգրանտների դրամական փոխանցումները հարկելու վերաբերյալ առաջարկն ընդունվի էլ, ապա այն չի վերաբերի Մաքսային միության եւ հետագայում էլ Եվրասիական միության կազմում ընդգրկված երկրներից գնացած միգրանտներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուքանյանը՝ մեկնաբանելով ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու առաջարկը, որը վերաբերում էր միգրանտների դրամական փոխանցումները հարկելուն, ինչպես նաեւ ծննդաբերության նպատակով Ռուսաստան մեկնածներից հարկեր գանձելուն:
Ըստ Մուքանյանի՝ նախաձեռնությունը չի վերաբերի Հայաստանից, Բելառուսից եւ Ղազախստանից գնացածներին: Ինչ վերաբերում է ծննդաբերության նպատակով Ռուսաստան մեկնածներից հարկեր գանձելուն, ապա ՌԼԴԿ-ի այս նախաձեռնությունն անհասկանալի է, քանի որ բժշկական ծառայությունները վճարովի են, եւ այսպես թե այնպես, այդ բժշկական ծառայությունը նույնպես վճարովի է: «Ռուսաստանում նույնիսկ այն ծննդկանները, որոնք պետք է օգտվեն անվճար բուժօգնությունից, վճարում են, իսկ երբ խոսքը այլ երկրներից ծննդկանների մասին է, վճարում են նաեւ հիվանդանոցներին, որոնք էլ իրենց հերթին հարկեր են վճարում պետությանը: Ի՞նչ հավելյալ հարկերի մասին է խոսքը, անհասկանալի է, հիվանդանոցը, առողջապահության նախարարությունն առանց այդ էլ վաստակում են ծննդկաների հաշվին», - ասել է Մուքանյանը:
Նա նաեւ նշել է, որ այլ երկրում ծննդաբերելը ընդունված նորմալ պրակտիկա է, քանի որ շատ ռուսաստանցիներ նախընտրում են ծննդաբերել, օրինակ, Փարիզում կամ Լոնդոնում: «Եթե արտասահմանցի քաղաքացիներին արգելվի օգտվել Ռուսաստանում բժշկական ծառայություններից եւ դրա դիմաց հավելյալ հարկեր պահանջվեն, բացի նրանցից, որն արդեն վճարում են, ապա դա երկիրը միջնադար կհասցնի: Հակառակը, պետք է գնահատել Ռուսաստանում բուժօգնություն եւ կրթություն ստանալու մարդկանց ցանկությունը: Այլ բան է, որ պետք է հետեւել, որպեսզի ծննդկաններն օգնություն ստանալուց հետո տուն վերադառնան»: