Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության «Սարդարապատ» ազգային թանգարանի առաջնային խնդիրներից է տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ներդրումը: «Արմենպրես» լրատվական գործակալության նախաձեռնությամբ` լրագրողների հետ հանդիպմանը թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը նշեց, որ հաստատության առաջիկա ծրագրերից է նոր ցուցադրության հայեցակարգի ստեղծումն ու նոր ցուցադրության փուլային կայացումը: «Այս հարցում մեզ կօգնեն նոր տեխնոլոգիաները, որոնք շատ կարևոր են թանգարանների հավաքածուները և առարկաները հանրամատչելի դարձնելու առումով»,- նշեց Արիստակեսյանը: Սա ենթադրում է նաև համապատասխան մասնագետի առկայություն, ով կվարի թանգարանային հավաքածուի էլեկտրոնային շտեմարանը:
Տնօրենն այս նորարարությունը կարևոր համարեց հատկապես այն առումով, որ այսօր թանգարանի պահոցները վերածվել են պահեստների, իսկ թանգարանը պահեստավորման խնդիր պիտի չունենա, այլ ունենա լավ դասակարգված պահոցներ, լավ մշակված հարցարաններ, այդ թվում` էլեկտրոնային, և վարի գիտական արդյունավետ ու համակարգված գործունեություն:
Ըստ տնօրենի` թանգարանային առարկաները, նմուշները պետք է «կենդանացվեն», ինչը հնարավոր է ֆիլմերի, երաժշտության ներմուծման միջոցով: Մասնավորապես, ֆինանսական միջոցների առկայության պարագայում (10 միլիոն 500 հազար դրամ) թանգարանը ծրագրել է նոր ցուցադրություն կազմակերպել ազգային նվագարանների հնչեցմամբ, որն այցելուներին հնարավորություն կտա ծանոթանալ հայ ազգային երաժշտությանը և ավելի կաշխուժացնի թանգարանային կյանքը: Հաստատությունում պահվում է նվագարանների ամենամեծ հավաքածուն, որ ժամանակին բերվել և հավաքվել է այլ թանգարաններից:
Նախատեսվում է առաջիկա տարիներին թանգարանում ունենալ նաև աուդիոգիդերի ծառայություն, ինչպես նաև տոմսերի էլեկտրոնային վաճառք: «Կարծում եմ, որ նոր տեղեկատվական տեխնոլոգիաների մասով մենք հնարավորություն կունենանք համագործակցել Orange Armenia-ի հետ»,- ավելացրեց նա:
2013 թ-ին թանգարանն ունեցել է 25784 այցելու. 2004 թվականից ի վեր այցելուների թիվն աճել է երկու անգամ: Թանգարանային գործունեությունը գնահատելու համար ընդունված է հաշվի առնել երկու ցուցանիշ` այցելուների քանակը և թանգարանային հավաքածուների ու առարկաների մատչելիությունը հասարակությանը:
Սարդարապատի թանգարանն արդեն համալրվել է Հայաստանում առաջին թանգարանային մոնիտորով, որով ցուցադրվում է Հայկական լեռնաշխարհը` փոխարինելով Հայակական լեռնաշխարհի մակետին: Վերջինը, ըստ Արիստակեսյանի, ժամանակավրեպ և գիտական առումով խոցելի էր: Ապագայում նման մոնիտոր նախատեսվում է ունենալ թանգարանի մուտքի մոտ, որը համակարգչային ցանցի միջոցով կապահովի պահոցների ցուցադրումը, և կլինի պահուստային ֆոնդի բացօթյա յուրատեսակ ցուցադրություն:
«Այս ուղղությամբ քայլեր արդեն կատարվել են, սակայն չպետք է բավարարվենք ձեռք բերածով, այլ առաջնորդվենք թանգարանների միջազգային ու առաջավոր փորձով: Այս առումով անելիքները շատ-շատ են»,- հավելեց նա:
Լրատվամիջոցների ներկայացուցիչների համար մինչ ասուլիսը շրջայց կազմակերպվեց թանգարանի ցուցասրահներում և պահուստային ֆոնդերում:
Թանգարանը, որի ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը, բացվել է 1978թ.: Այնտեղ ներկայացվում է հայ ժողովրդի էթնիկ մշակույթը և մայիսյան հերոսամարտերը: 2012թ-ի հունվարի 1-ից Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը համարվում է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) հիմնական անդամ: Թանգարանում գիտաօժանդակ նյութի հետ միասին պահպանվում է շուրջ 73934 մշակութային արժեք: 6500 քմ ցուցադրական մակերեսի վրա ներկայացվում է հայերի նյութական, սոցիալական ու հոգևոր մշակույթը` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Թանգարանում կազմակերպվում են հայոց ավանդական և ժամանակակից արվեստին, ինչպես նաև այլ ժողովուրդների էթնիկ մշակույթին վերաբերող ցուցահանդեսներ:
ARMENPRESS.am