Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆյայում հունվարի 23-ից 25-ը անցկացվում է «New Wave» («Նոր ալիք») միջազգային ուսանողական կինոփառատոնը, որտեղ ներկայացված են նաեւ հայ մասնակիցների ֆիլմեր:
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը ներկայացնող 5 ուսանողներից 4-ի ֆիլմերը անցել են ընտրության նախնական փուլը, ապա մաս են կազմել մրցութային 29 ֆիլմերի:
ԵԹԿՊԻ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուսանողական չորս ֆիլմերը այս պահին ընտրված երկրների ֆավորիտ եռյակում են: Մրցութային ֆիլմերի առաջին հորիզոնականում Բուլղարիան է՝ 14 ֆիլմ, երկրորդ հորիզոնականում Ռուսաստանը՝ 5 ֆիլմ, երրորդում՝ Հայաստանը՝ 4 ֆիլմ: Մրցութային փուլում են նաեւ թուրք երկու ուսանողների աշխատանքները, մեկական աշխատանք՝ Ադրբեջանից, Կոսովոյից, Սերբիայից եւ Վրաստանից:
Թատերական ինստիտուտից կինոփառատոնի մրցութային փուլում են հետեւյալ ֆիլմերը.
Արեն Մալաքյան. «Սիրո խոստովանություն ճապոնական ոճով», Էդգար Բաղդասարյանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 3-րդ կուրս
Լուսինե Պապոյան. «Պատահական հանդիպում», Էդգար Բաղդասարյանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 3-րդ կուրս
Նահապետ Սարգսյան. «Тоска», Սուրեն Բաբայանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 4-րդ կուրս
Անդրանիկ Հարությունյան. «Հեքիաթ», Սուրեն Բաբայանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 4-րդ կուրս
Տեղեկացնենք նաեւ, որ փառատոնին մասնակցելու համար Բուլղարիա է մեկնել նոմինացված ուսանողներից Արեն Մալաքյանը: Փառատոնի արդյունքները կհրապարակվեն հունվարի 25-ին` փակման հանդիսավոր արարողության ժամանակ: