Հայաստանը Արեւելյան Հայաստան անվանափոխելու համար արդեն շատ ուշ է, հունվարի 27-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը` մեկնաբանելով Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի վերջին հայտարարությունը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանի նման անվանումն արդեն քննարկվել էր 1990թ. օգոստոսին Անկախության հռչակագիրը կազմելու ժամանակ: Գերագույն խորհրդի անդամների մեծ մասն այն ժամանակ մերժել էր այդ տարբերակը` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի պատմական արդարության հասնելու գործում իր դերը գիտակցող երկիր:
«Պետք է ոչ թե անունը փոխել, այլ` քաղաքականությունը: Թող իշխանությունները հրաժարվեն հայ-թուրքական արձանագրություններից: Թող Հայաստանը նոյեմբերի 22-ը` Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշման օրը, ընդունի որպես Հայրենիքը վերադարձնելու օր: Բացի դրանից, այժմ գործող Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կարող է տեքստում հետեւյալ փոփոխությունն առաջարկել. ՀՀ-ն Հայաստանի Առաջին հանրապետության իրավահաջորդն է եւ հանդես է գալիս հայկական սահմանների վերաբերյալ կայացրած վճիռներին կողմ: Քանի որ Վուդրո Վիլսոնի որոշումը վերաբերում էր ոչ թե ամբողջ հայ ժողովրդին, այլ որոշակի իրավական սուբյեկտի` Հայաստանի Հանրապետությանը», - հայտարարել է Կիրո Մանոյանը:
Այն հարցին, թե ինչու Աշոտյանի գաղափարը չի ստացել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աջակցությունը, Մանոյանը նշել է, որ հնարավոր է` դա պարզապես հասարակության վրա գաղափարի ազդեցությունը ստուգելու փորձ էր: «Համեմատեք դա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` 2013թ. հուլիսի 5-ի հայտարարության հետ, որը հայտարարել էր Թուրքիային ներկայացվող պահանջների մանրամասն իրավական հիմնավորման անհրաժեշտության մասին», - նշել է Մանոյանը: