Սիրիահայության աջակցության շրջանակներում տարեսկզբից նոր գումարներ են փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, թե հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հանգանակած 100 000 եվրոն Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդարանի միջոցով կուղղվի մեր սիրիահայ հայրենակիցների ամենատարբեր խնդիրների լուծմանը: Գերմանիայի տեղական մարմնի հանգանակած 35 000 եվրոն արդեն իսկ փոխանցվել է Սիրիահայության շտապ օգնության եւ վերականգնման մարմնին` սիրիաբնակ հայերին իրենց հայեցողությամբ սատարելու նպատակով:
Հեռուստամարաթոն 2013-ին հավաքագրված գումարներից 15 միլիոն ՀՀ դրամ էլ կուղղվի Հայաստանում բնակվող սիրիահայ ընտանիքների տարատեսակ կարիքներին, ներառյալ ուսանողների ուսման վարձի, վիրահատությունների եւ հուղարկավորության ծախսերի փոխհատուցումը, որոնք արդեն իսկ ընթացքի մեջ են:
Առողջապահական, կրթական եւ սոցիալական ծրագրերի շահառուների ընտրությունն իրականացվում է Սփյուռքի նախարարության հետ համատեղ: