Հայ-ադրբեջանական ծագում ունեցող մարսելցի դպրոցական Բագրատ Հովհաննիսյանը, ում Մարսելում հունվարի 25-ից գտնվում էր վարչական կալանքի կենտրոնում՝ Ֆրանսիայի տարածքում անօրինական հիմունքներով գտնվելու համար, ազատ է արձակվել այն բանից հետո, երբ նրա փաստաբանը ու «Կրթություն առանց սահմանների» ցանցը դիմել են քաղաքապետարան:
Ինչպես հաղորդում է «Կրթություն առանց սահմանների» ցանցի կայքը, պաշտպանները բողոք են հայտնել նաեւ վարժարանի հասցեին, որտեղ նա սովորում էր: Արդյունքում քաղաքապետարանն ընդունել է, որ նրա տեղը դպրոցում է: Ֆրանսիայի տարածքը լքելու պարտավորությունը չեղյալ է հայտարարվել: Բագրատը բողոքարկել էր երկրի տարածքը լքելու մասին որոշումը: Նրա բողոքարկումը կքննարկվի Մարսելի դատարանում հունվարի 30-ին:
Բագրատի ու նրա ընտանիքի փորձությունները երկար են շարունակվելու: Բագրատը, նրա երկու եղբայրները, ադրբեջանցի մայրն ու հայ հայրը Ռուսաստանից փախել են 2009թ.-ին, երբ նրանց անվտանգությանը սպառնում էին: Ֆրանսիայում նրանք ապաստան են խնդրել, սակայն մերժում են ստացել երկրի տարածքը պարտադիր լքելու պահանջի հետ միասին: 2013թ.-ին վերաքննիչ դատարանը չեղյալ էր համարել նրանց արտաքսումը այն երկրներ, որտեղ Ֆրանսիան ցանկանում էր ուղարկել Բագրատի ծնողներին ու ավագ եղբորը՝ ընտանիքի հետ միասին: Սակայն նրանք առայժմ օրինական կարգավիճակ չունեն: Այս որոշումը չի վերաբերում Բագրատին ու նրա փոքր եղբայր Անդրանիկին, ովքեր ամուսնացած չեն:
Տեղական իշխանությունները Բագրատին ադրբեջանցի են համարում, քանի որ մայրն ադրբեջանցի է, հայրը ծնվել է Ադրբեջանում, թեեւ հայկական ազգանուն ունի ու երբեք ադրբեջանական փաստաթղթեր չի ունեցել: Բագրատը ծնվել է Աբխազիայում, ապրել է Ռուսաստանում, երբեք չի ապրել Ադրբեջանում: