Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը մեկնաբանել է PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձն ուղղված հայ ժողովրդին՝ այն կարեւոր եւ թանկ համարելով։
«Ակոս»-ի գլխավոր խմբագիրն իր մեկնաբանության մեջ ուշադրության է հրավիրել այն հանգամանքին, որ թեեւ Օջալանի բանտային պայմաններին, նա այսօր Թուրքիայի ամենակարեւոր քաղաքական դերակատարներից մեկն է։ «Արդյունքում ապրում ենք Թուրքիայում եւ մյուս քաղաքական դերակատարների կողմից հայերի վերապրածները Օջալանի պես «ցեղասպանություն, առերեսում, արդարություն» բառերով նկարագրելը դեռ չենք էլ կարող երազել։
Իմաստալից է, որ ուղերձում Օջալանը 1915-ին հայ ժողովրդի վերապրածները նկարագրել է «ցեղասպանության պլան, սարսափելի» բառերով, ինչպես նաեւ նշել, որ հայերը հրաշքով են ոտքի վրա մնացել եւ այդ հրաշքը տեղի է ունեցել հայերի պայքարի արդյունքում։
Օջալանի այն գրածի հետ, թե հայերը ազգայնականների ծուղակն ընկնելուց պետք է զգուշանան, հնարավոր չէ չհամաձայնվել։
Իհարկե, նամակում քննադատության արժանի տեղեր կան։ Դրանցից կարեւոր է այն, որ 1915-ին քրդերի դերակատարության վերաբերյալ քննադատություններ չկան։»,-գրել է Ռոբեր Քոփթաշը։
Նշենք, որ Օջալանը Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի օրը նախատեսել էր ուղերձով դիմել հայ ժողովրդին, սակայն նամակը երկար ժամանակ անորոշ պատճառով մնացել է Թուրքիայի արդարադատության նախարարությունում եւ միայն հունվարի 29-ին հասել «Ակոս»-ի խմբագրություն։