Ֆրանսիայի հայակական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքն անցել է պատվելի հյուրերի ներկայությամբ: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ն: Միջոցառմանը ներկա է եղել Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստիան Թոբիրան, ֆրանսիացի փիլիսոփա Բեռնար-Անրի Լեւին, ծագումով հայ աշխարհահռչակ շանսոնյե եւ Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, այլ բարձրաստիճան անձինք ու պետությունների, կրոնների, զանգվածային լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ընթրիքին 320 հյուրերը տեղեկացվեցին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ ծրագրերի մասին՝ «2015. Ցեղասպանության 100 տարին»: Քրիստիան Թոբիրան ու Բեռնար-Անրի Լեւին հանդես են եկել ելույթներով. Նախարարն անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանը, իսկ փիլիսոփան զուգահեռներ է անցկացրել ցնցումներ վերապրած հայերի ու հրեաների միջեւ: Քրիստիան Թոբիրան նկարագրել է ժողովրդի տառապանքները, ով կարողացել է բարձրանալ, ով «գիտի քարից հազ քամել», որն «այնքան շատ տաղանդներ ունի տարբեր ոլորտներում»:
«Մենք պետք է զգոն լինենք այս ողբերգության՝ ցեղասպանության ժխտման բոլոր ձեւերի հանդեպ: Հենց այդ պատճառով, հանրապետության նախագահի խոստումներին համաձայն, կառավարությունն աշխատում է իրավական գործիքի շուրջ՝ Սահմանադրության սկզբունքներին ինչպես նաեւ Ֆրանսիայի եվրոպական եւ միջազգային պարտավորություններին համապատասխան», - ասել է արդարադատության նախարարը:Իր ելույթի ավարտին Քրիստիան Թոբիրան հարգանքի տուրք է մատուցել Դիմադրական շարժման ծագումով հայ մասնակից Միսաք Մանուշյանին ու նրա ընկերներին, ովքեր մահանալիս գոչում էին՝ «Կեցցե՛ Ֆրանսիան». «Նրանց շնորհիվ, ձեր շնորհիվ ես այսօր կարող եմ գոչել «Կեցցե՛ Հայաստանը» եւ «Կեցցե՛ Ֆրանսիան»,- նշել է Ֆրանսիայի արդարադատության նախարարը: