«Ընդառաջ Աստուծո, ընդառաջ սիրո» կարգախոսով մի շարք միջոցառումներ կանցկացվեն փետրվարի 4-14–ը Երևանում` Տեառնընդառաջի տոնի նախաշեմին, հայտնեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը։
«Մենք այս տարի որոշել ենք 10 օրերի ընթացքում անցկացնել այս կարևոր եկեղեցական տոնին նվիրված մի շարք միջոցառումներ»,– երկուշաբթի ասաց նա մամուլի ասուլիսում։
Հոգևորականի խոսքով, միջոցառումների շրջանակում կկայանա «Հավատամք» կենտրոնի www.havatamq.am հոգևոր կայքի շնորհանդեսը, կենտրոնի նկարահանած «Կրկին այնտեղ` դեպի մեր տուն» ֆիլմի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնում, ինչպես նաև հավատացյալների օրհնության կարգ։
«Բացի այդ, հոգևոր կենտրոնի ներկայացուցիչները կայցելեն տեսողության և արյան շրջանառության խնդիրներ ունեցող երեխաների, ինչպես նաև զորամասեր և ծերանոցներ։ Միջոցառումներ կլինեն նաև մանկատների սաների համար»,– նշեց Խաչատրյանը։
Փետրվարի 13–ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գավթում կկայանա տոնական համերգ, որից հետո կվառվի գլխավոր խարույկը։
«Եկեղեցին դեմ չէ ժողովրդական ավանդույթների, մասնավորապես, բակերում խարույկներ վառելուն։ Ամսի 13–ի երեկոյան պատարագից հետո հավատացյալներն իրենց հետ կարող են կրակ տանել եկեղեցուց։ Արդեն փետրվարի 14–ին կկայանա գլխավոր պատարագը, որի ընթացքում կկատարվի նորապսակների օրհնության կարգ»,– ասաց հոգևորականը։
Հայ երգչուհի Ալլա Լևոնյանն իր հերթին նշեց, որ հաճույքով կմասնակցի տոնական համերգին։
«Շատ ուրախ եմ, որ կարող եմ իմ լուման ներդնել այնպիսի կարևոր միջոցառման անցկացմանը, և կարծում եմ, որ եկեղեցին միշտ կարևոր դեր է խաղացել հայ ժողովրդի կյանքում։ Մենք բոլորս պետք է նպաստենք մեր ժողովրդական և եկեղեցական ավանդույթների և ծեսերի պահպանմանը»,– ասաց երգչուհին։
Տերունի տոնը Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի կարևորագույն իրադարձություններից է։ Ըստ Մովսես օրենքի, արու զավակ ծնած կնոջը 40 օր արգելվում էր մտնել Աստծո Տաճար։ Երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, գոհության և մաքրման զոհ մատուցում ու իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և սբ. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը. «Երբոր նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում։ Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս հատվածը` Ղուկասը պատմում է նաև արդար Սիմեոն ծերունու մասին, ով հայտնություն ուներ, թե չի մահանա, մինչև չտեսնի Հիսուս Փրկչին։
Հայ Առաքելական Եկեղեցին Տեառնընդառաջը նշում է փետրվարի 14–ին` Աստվածհայտնության 40–րդ օրը։ Եկեղեցական կանոնադրության համաձայն, տոնի նախօրեին` փետրվարի 13–ին, երեկոյան ժամերգության ավարտին, կատարվում է Անդաստանը` երկրի չորս կողմերի օծման կարգ, որից հետո կատարվում է մոմի օրհնության ծես։ Հնագույն ավանդության համաձայն, օրհնված մոմից վառվում է Քրիստոսի փրկարար լույսը խորհրդանշող խարույկը։ Ժողովրդական ավանդույթով, այդ օրը խարույկի վրայից թռչում են երիտասարդ աղջիկներ և պատանիներ։
Նովոստի–Արմենիա