Ռուսաստանում վթարված ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանը Հայաստանում կլինի մինչեւ մայիս: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց նրա աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ գործով առաջին դատական նիստը կկայանա մինչեւ մարտի 14-ը, հավանաբար դրանից հետո մի քանի նիստեր եւս կլինեն: Հարազատի պնդմամբ՝ մոտ մեկ ամիս կտեւի դատաքննությունը, իսկ դատավճռի հրապարակումից հետո՝ 2 ամսվա ընթացքում,նրան կտեղափոխեն Հայաստան: «Պայմանավորվածություն կա Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության, դատախազության հետ, որ դատավճռից հետո մինչեւ 2 ամիսը կտեղափոխեն Հայաստան եւ այստեղ պատիժ այստեղ կրի»,- հույս հայտնեց նրա աները:
Վիկտոր Մարտիրոսյանը նշեց, որ Հրաչյա Հարությունյանին առաջադրված մեղադրանքով սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Ինչ վերաբերում է նրան կանացի խալաթով դատարան տանելով, ապա այդ հարցի հետ կապված հարազատներին հայտնել են, որ դատը եղել է, եւ ոստիկանները, բժիշկները տույժի են ենթարկվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը, որը լի է եղել մանրաքարով, բախվել է ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել է 18 մարդ: Ինքը Հարությունյանը հրաշքով է ողջ մնացել:
Հարությունյանը լիովին խոստովանել է իր մեղքը եւ համաձայնել, որ սխալ որոշում է կայացրել ու խախտել երթեւեկության կանոնները՝ փորձելով կանգնեցնել մեծ թափ հավաքած ավտոմեքենան, որի արգելակներն անսարք են եղել: Նրան մեղադրանքներ են ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: