Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը այս տարի մեկնարկեց «Մոսկվա» կինոթատրոնում Ջոնաթան Սմիթի՝ սիրո և կորստի մեջ հայտնված արվեստագետների բոհեմական գաղութի մասին պատմող վեպի հիման վրա նկարահանված «Ամառը փետրվարին» ֆիլմի ցուցադրությամբ:
Փառատոնն այս տարի նվիրվում է մեր հասարակության մեջ առկա ներառական և հաղորդակցության խնդիրներին:
«Առաջին հերթին մենք ընտրում ենք փառատոնի թեման, թե այս տարի, որ թեման է արդիական: Ապա Մեծ Բրիտանիայում մեր մասնագետները ընտրում են ֆիլմեր, որոնք կարծարծեն ընտրված թեման: Ֆիլմերը պարտադիր պետք է լինեն վերջին արտադրության, ինչպես նաև փառատոնային ֆիլմեր: Իսկ հետո սկսվում են բանակցությունները հենց ֆիլմերի ռեժիսորների հետ, որ ձեռք բերենք ֆիլմերի ցուցադրության իրավունքը: Բավականին երկար գործընթացից հետո հայ հանդիսատեսի դատին ենք հանձնում ծրագիրը»,- NEWS.am-ին ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Փառատոնի շրջանակում կցուցադրվի ինը ֆիլմ մայրաքաղաքում և մարզերում։ Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 22-ից մարտի 5-ը «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում: Փառատոնի ֆիլմերը փետրվարի 28-ին ամբողջ օրը կցուցադրվեն «Սինեմա Սթար» կինոթատրոնի սրահներից մեկում։ Մարտի 5-ին նախատեսվում է հատուկ ծրագիր «Նաիրի» կինոթատրոնում: Գորիսում, Գյումրիում և Գավառում ֆիլմերը կցուցադրվեն մարտի 7-ից 16-ը: Բոլոր ցուցադրությունների մուտքը այս տարի նույնպես անվճար է:
Փառատոնի շրջանակում կանցկացվի արդեն ավանդական դարձած գրախոսականի մրցույթը, որի գլխավոր մրցանակակիրը կարժանան iPad Air-ի։
Բացման արարողությանը ներկա էին «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Երևանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ըմայաս Մորզը, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և ՅՈՒՆԻՍԵՖ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը:
Փառատոնի հյուրերն են Բրիտանական խորհրդի ֆիլմերի բաժնի խորհրդատու Քրիսթին Բարդսլինը և «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը:
Քրիսթին Բարդսլին իր այցելության ընթացքում կհանդիպի ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ: Քննարկումների ընթացքում կքննարկվեն հայկական և բրիտանական կինոարտադրության կապերի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները: