Ղարաբաղի Իվանյան գյուղում երիտասարդները ադրբեջանական Խոջալու բնակավայրում տեղի ունեցած իրադարձություների հերթական տարելիցին նվիրված ակցիա են կազմակերպել, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից։
Միջոցառմանը մասնակցել է Արցախի պետական համալսարանի քաղաքագիտության և բանասիրության ֆակուլտետների ավելի քան 50 ուսանող։ Նրանց ձեռքին «Մի պղծեք մեր անունը», «Մենք պահանջում ենք արդարություն», «Ամոթ երեխաներին, կանանց և ծերունիներին սպանողներին» և նման այլ գրությամբ ցուցապաստառներ էին։ Ակցիայի մասնակիցները կոչ են արել միջազգային հանրությանը անաչառ գնահատական տալ Խոջալուի իրադարձություններին։ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում կազմակերպվել է ֆլեշ–մոբ։
Միջոցառումը կազմակերպվել է Ստեփանակերտի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ։
1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրենի ու դաժան կատարմամբ ցնցել են համաշխարհային հանրությանը: Մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով, ձեռքի տակ եղած այլ միջոցներով զինված ջարդարարների թիվը զգալիորեն ավելացավ: Ամբոխը հստակ գիտեր ինչ պետք է անել: Խմբերի բաժանված ջարդարարները ներխուժում էին հայերի բնակարանները, սպանում մարդկանց ոչ միայն իրենց տներում, այլև ամենից հաճախ դուրս էին բերում նրանց փողոցներն ու բակերը`հրապարակավ ծաղրուծանակի ենթարկելու համար: Տանջանքներից հետո զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում:
Հայ բնակչության ջարդերը շարունակվել են նաև Ադրբեջանի այլ քաղաքներում, մասնավորապես, Բաքվում` 1990 թվականի հունվարին։ Հայաստանի պետական միգրացիոն ծառայության տվյալներով, 1988-1992 թվականներին երկիր է ժամանել ավելի քան 360 փախստական հայեր Ադրբեջանի տարբեր քաղաքներից, ևս մոտ 140 հազար էթնիկ հայեր արտագաղթել են ԱՊՀ երկրներ։
ar.newsarmenia.ru