2014 թվականի հունիսին Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնը:
«Ֆրեսկո» միջազգային նախաձեռնությունն առաջարկում է կինոփառատոնի անցկացման նոր ձեւաչափ: «Ֆրեսկոն» կինոփառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է առաջարկում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչեւ միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչեւ մրցանակ:
Հայաստան բերված ֆիլմերը դուրս կգան կինոդահլիճներից ու բառի բուն իմաստով կմտնեն փողոց: Շուրջօրյա բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» կինոդիտումները 10 օր շարունակ կդառնան հայաստանցիների առօրյայի անբաժան մասը: Սովորական աթոռներին կփոխարինեն հատուկ պարկեր, իսկ փառատոնի տեղացի եւ օտարերկրյա պաշտոնական հյուրերը փառատոնի «անհաս հերոսներ» լինելու փոխարեն, կլինեն հանդիսատեսի հետ:
Ոչ ֆորմալ մոտեցում է սպասվում նաեւ կինոդիտումների վայրերի ընտրության ժամանակ: Նմանատիպ ակցիաների համար արդեն սովորական դարձած երեւանյան կենտրոնի փոխարեն ցուցադրությունները կանցկացվեն քաղաքի հանրաշատ վայրերում (այգիներ, եկեղեցիների բակեր): Փառատոնի մի մասը կանցկացվի Երեւանից դուրս` Հայաստանի գեղատեսիլ անկյուններում:
Փառատոնի նպատակն է ոչ միայն հոգեւոր, ասելիք ունեցող համաշխարհային կինոնմուշների ցուցադրությունը, այլ նաեւ դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ եւ ազատ հանրային քննարկումների կազմակերպումը:
NEWS.am STYLE