Երեւան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է Հայաստանի ժողովրդական վարպետ, ՌԴ արվեստի պալատի անդամ Օլգա Հակոբյանի «Գարնանային հավաքածու» խորագրով ուլունքագործության աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված կանանց միջազգային օրվա եւ մայրության ու գեղեցկության տոներին: Ցուցահանդեսին ներկայացված շուրջ 200 աշխատանքներում ներառված են «ԱՆԿԱՌՍ»-ՖՐԻՎՈԼՏԵ կոչվող հյուսվածքաձեւ տեխնիկայի միջոցով թելերով եւ ուլունքներով հյուսված վզնոցներ, ապարանջաններ, ականջօղեր, գլխարկներ եւ այլ ցուցանմուշներ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ցուցահանդեսի բացմանը մասնակցել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նախապես շնորհավորելով կանանց տոների կապակցությամբ՝ քաղաքապետի տեղակալը կարեւորել է մշակութային նմանօրինակ միջոցառումների անցկացումը եւ պատրաստակամություն հայտնել մշտապես աջակցելու նման նախաձեռնություններին:
«Ստեղծագործող հայ կանանց ներկայանալու հնարավորության ընձեռումը շատ կարեւոր է մեզանում: Այս ցուցահանդեսն իր տեսակի մեջ բացառիկ է, որի կապակցությամբ շնորհավորում եմ ինչպես հեղինակին, այնպես էլ մեզ բոլորիս: Երեւանյան արվեստասեր հասարակությունն հնարավորություն ունի մեկ ամիս շարունակ այցելելու ու ծանոթանալու բարձրաճաշակ այս աշխատանքներին»,-նշել է Արամ Սուքիասյանը:
Ժողովրդական վարպետն իր շնորհակալությունն է փոխանցել քաղաքապետին՝ շնորհավորանքների, ինչպես նաեւ աջակցության պատրատակամության համար:
«Գարնանային հավաքածու» ցուցահանդեսում ներառվել են նաեւ Երեւանի պատմության թանգարանի ավանդական տարազների որոշ նմուշներ:
Ցուցահանդեսը գործելու է մինչեւ ապրիլի 7-ը: