Նոյեմբերի 5-ին Արմավիրում խաչքարի բացումից և Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանի կողմից կատարված օծման արարողությունից հետո Ռուսաստանի հայերի միության տեղի մասնաճյուղը հայերենի ուսուցչուհի Հասմիկ Այվազյանի հետ միասին կազմակերպել է բաց դաս՝ «Խաչքարը Հայաստանի հին խորհրդանիշն է» թեմայով:
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, բաց դասին մասնակցել են ոչ միայն Արմավիրի դպրոցների այն աշակերտները, որոնց հայոց լեզու է դասավանդում Հասմիկ Այվազյազյանը, այլև նրանց ծնողները, տատիկներն ու պապիկները և քաղաքի այլ բնակիչներ:
Աշակերտները պատրաստել էին բանաստեղծական կոմպոզիցիա՝ գովերգող խաչքարերի ժանյականման նախշերը, դուդուկի կախարդական ձայնն ու մեր սուրբ մայրենին: Դասի ժամանակ երիտասարդ Գարեգին Պապոյանի կատարմամբ հնչեց մի երգ՝ նվիրված հայ ժողովրդի ազգային հերոս, թուրք զավթիչների դեմ ազատագրական շարժման մասնակից Գևորգ Չավուշին:
Արմավիր քաղաքի Ռուսաստանի հայերի միության մասնաճյուղի նախագահ Սերգեյ Ղարիբջանյանը շնորհակալութուն է հայտնել աշակերտներին՝ հիշատակի և պատմության դասի համար: Ըստ նախագահի՝ բաց դասն ապացուցել է, որ Հայաստանի և Սփյուռքի ապագան կախված է մեր երիտասարդությունից: