Ստավրոպոլի երկրամասի Գեորգիեւսկ քաղաքում օծվել է Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի Հարավի թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանի գլխավորությամբ արարողությունը անցկացվել է նոյեմբերի 29-ին:
Քաղաքը հիմնադրվել է 1777 թվականին, եւ անմիջապես դրա հիմնադրումից հետո այդտեղ հայտնվել է հայկական համայնք (500 մարդ): 1780-90 թվականներին Գեորգիեւսկի ամրոցի մոտերքում կառուցվել է Սուրբ Գրիգոր անունով փայտե հայկական եկեղեցի: Եկեղեցու ծխականներ են եղել ոչ միայն Գեորգիեւսկում ապրող հայերը, այլ նաեւ Կովկասւ Հանքային ջրերի շրջանի այլ քաղաքների հայերը: 1942 թվականին գերմանական բանակը ժամանելուց հետո եկեղեցին զենքի պահեստի է վերածվել եւ հետագայում՝ պայթեցվել: Այսօր՝ տարբեր տվյալների համաձայն Գեորգիեւսկում ապրում է 15-20 հազար հայ: Նրանցից շատերը նոր եկեղեցու կառուցման համար փող են տվել: Այդ բարեգործների թվում են մասնավորապես՝ Սերգեյ Դոեւը, Իգոր Ավանեսյանը, Վալերի Յունանյանը, Վլադմիր Հարութունյանը եւ հայ համայնքի շատ այլ ներկայացուցիչներ: Եկեղեցու ավագ քահանա է նշանակվել Վարդան երեց Հունանյանը: