Նոյեմբերի 27-ին Մոսկվայի «Պոկրովսկիե վորոտա» մշակութային կենտրոնում «Ժամ» ամսագիրը եւ «Մենք» ստեղծագործական կրթական ընկերությունը՝ «Նոյի զավակները» հիմնադրամի հետ միասին կազմակերպել են Վահան Տերյանի ստեղծագործությանը նվիրված «Ժամանակ-աշուն» ֆիլմի անդրանիկ ցուցադրումը:
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, «Պոկրովսկիե վորոտա» մշակութային կենտրոնի ներկայացուցչի ողջույնի խոսքից հետո հյուրերի առջեւ հանդես եկավ «Մենք» ստեղծագործական կրթական ընկերության ղեկավար, «Ժամանակ-աշուն» ֆիլմի հեղինակ Աննա Գիվարգիզյանը, որը պատմեց, թե ինչու այդ ֆիլմի համար ընտրված են եղել Վահան Տերյանի բանաստեղծությունները:
Ցուցադրումից հետո դահլիճում հավաքված հյուրերը շնորհակալություն հայտնեցին ֆիլմի ստեղծողներին եւ հույս հայտնեցին, որ մոտ ապագայում նրանք կտեսնեն մի նոր աշխատանք, քանի որ ավանդաբար յուրաքանչյուր նոր ֆիլմի ցուցադրումը մարդկանց համար իսկական իրադարձություն է դառնում: Սակայն հյուրերին եւս մի անակնկալ էր սպասում՝ Աննա Գիվարգիզյանը խոսքը փոխանցեց «Մենք» ընկերության նախագահ Ռուզաննա Հովհաննիսյանին եւ «Մենք» թերթի գլխավոր խմբագիր Արեւիկ Ամիրաղյանին՝ ընկերությունը եւ «Մենք» առաջին հայկական երիտասարդական ամսաթերթը ներկայացնելու համար: Այսպիսով, ֆիլմի հանդիսատեսները ներկա եղան Մոսկվայի հայ երիտասարդության նոր ստեղծագործական նախագծի ծննդյանը: