Գիտնականները համեստ մարդիկ են: Նրանք չեն ձգտում երևալ, չեն սիրում ինքնագովազդ, չեն ցուցաբերում նյութական մեծ պահանջներ, կարևորություն չեն տեսնում թանկարժեք իրերի ու մոդայի վերջին ճիչը ներկայացնող հագուկապի մեջ: Նրանք իրենց աշխատասենյակում զբաղված են իրենց գործով և քիչ են հայտնվում հավաքույթներում, իսկ երբ հայտնվում են ու ինչ-որ հարցի շուրջ որոշում արտահայտվել, հանկարծ բարձրանում են ընդհանուրից ու դառնում հարգանքով սևեռված հայացքների նշանակետ:
Սա գիտնական-ի բառարանային բացատրությունը չէ, այլ այն ընդհանուր պատկերացումը, որն իր մեջ ունի յուրաքանչյու մարդ՝ գիտնականի մասին: Եվ այնուամենայնիվ, գիտնականին նույնպես պետք է ուտելիք, հագուստ, կոշիկ, նրա երեխան նույնպես կարող է ասել` պապ, դպրոցում 5000 դրամ են հավաքում` ֆոնդի փող, կա՛մ` 3000 դրամ` դասատուին նվեր առնելու, կա՛մ` վերջին զանգի համար` 100 000: Գիտնականի կինը նույնպես կարող է ասել` հեռախոսն անջատել են, քանի որ չենք մուծել ամսավճարը, նրա տուն նույնպես կարող է գալ լույսի կամ գազի մարդը, «մուննաթ» գալ` վճարն ուշացնելու համար ու դնել վերջնաժամկետ` ավելի վատ ձևով «մուննաթ» գալու սպառնալիքով: Եվ այդ ժամանակ գիտնականն ընդհատում է գործն ու մտածում` ինչ անել… Նա սկզբում փորձում է գտնել ավելի օպտիմալ ձև` 30-40 հազարի մեջ 150-200 հազարը տեղավորելու, բայց պարզվում է` շատ ավելի հեշտ է՝ նոր մոլորակ հայտնաբերել կամ բնության մեջ՝ նոր տարր:
Գիտնականները համեստ մարդիկ են, և բոլոր տարբերակները քննարկելուց հետո միայն որոշեցին դիմել ղեկավարությանը` իրենց աշխատավարձերը վերանայելու խնդրանքով:
Եվ ահա այստեղ էր, որ երեք տարի առաջ նրանք ստացան առաջին անակնկալը վարչապետից: Երեք տարի առաջ էր, որ ԳԱԱ-ի տարեկան հաշվետու ժողովում վարչապետը, ի պատասխան գիտնականների բարձրացրած հարցի, ասաց, որ նրանք պիտի տան արտադրանք, որի արդյունքում էլ հնարավորություն` ավելի շատ վաստակելու:
Այս զարմանալի պատասխանից՝ հանկարծ գիտնականները խառնվեցին, աղմկեցին, վրդովվեցին… հետո, խաղաղվելով, ապշահար իրար նայեցին ու հասկացան, որ մինչ իրենք զբաղված էին գիտության մեջ լուրջ բացահայտումներ անելով ու ստեղծելով գիտելիքահեն պետություն, որով պիտի այստեղ-այնտեղ հպարտանար մեր ղեկավարությունը, երկիրը շատ ավելի լուրջ ու անդառնալի փոփոխություններ է կրել, քան իրենք կարող էին ենթադրել…
Հիմա ընդունված բան է. ծնող ու դասախոս համաձայնության են գալիս` դիմորդ-երեխայի հետ պարապելու համար, օրինակ, ասենք՝ հայոց լեզու: Դասախոսը, բնականաբար, իր առաջին գործն է համարում՝ տնտղել դիմորդին` հասկանալու համար` ինչ պաշար կա արդյոք ու որտեղից պիտի սկսել: Զարմանալիորեն, շատ դեպքերում պարզում է, որ պիտի սկսել տառերից: Նման դասախոսի վիճակում հայտնվեցին գիտնականները, երբ հասկացան, թե ինչ անհուսալի անտեղյակության մեջ է ղեկավարությունը: Այստեղ էր ահա, որ անհրաժեշտություն եղավ անդրադառնալ գիտնական բառի բառարանա-հանրագիտարանային բացատրությանն ու ներկայացնել գիտնականի ու ճարտարագետի տարբերությունը, այն է` Գիտնականներին հաճախ շփոթում են ճարտարագետների (ինժեներների) հետ: Գիտնականները հետազոտում են բնությունը՝ իր հիմնական սկզբունքների բացահայտման նպատակով, այնինչ ճարտարագետները կիրառում են գիտությանը հայտնի սկզբունքները տեխնիկական խնդիրների տնտեսական լուծումներ մշակելու համար: Հակիրճ ասված՝ գիտնականները հետազոտում են, իսկ ճարտարագետները՝ կառուցում:
Թեև հանրագիտարանում գրված է, որ հաճախ շփոթում են, այնուամենայնիվ անսպասելի էր, որ դա կարող է անել վարչապետը:
Ուրեմն` գիտնականները համբերատար մարդիկ են: Զարմանքի, այնուհետև՝ բողոքի բուռն ալիքներից հետո նրանք, սկսելով «տառերից», փորձեցին բացատրել վարչապետին, այնինչ վարչապետը այն դիմորդ-երեխան չէ, որ չգիտի ու ուզո՛ւմ է սովորել: Այստեղ հարցը շատ ավելի բարդ է` վարչապետը ամեն ինչ «գիտի» և վիրավորական է համարում՝ իրեն որևէ բան «սովորեցնելու» գիտնականների փորձերը:
Դե եթե դա կարող է անել վարչապետը, ինչու չէր կարող Ազգային ժողովի նախագահը: Սա 2-րդ լուրջ անակնկալն էր, որ տրվեց գիտնականներին, երբ նրանք, ստեղծելով ֆեյսբուքյան, արդեն` ոչ թե խնդրում ենք, այլ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խումբը, դիմեցին նաև ԱԺ նախագահին:
Գիտնականները հասկացան, որ վերանայելու խնդրանքն ու մանրամասն բացատրություններն այն մասին, թե գիտնականի աշխատավարձը ՀՀ միջին աշխատավարձից 2.5 անգամ ցածր է, որ ամենաաղքատ երկրում անգամ ՀՆԱ-ի ավելի բարձր տոկոս է հատկացվում գիտությանը, որ հնարավոր չէ գոյատևել 30-40 հազար դրամով, որ ստիպված շատերը թողնում են գիտությունը կամ հեռանում երկրից, արդյունք չեն տալիս, որոշեցին ոչ թե խնդրել՝ վերանայելու, այլ պահանջել… համախմբվել ու պահանջել:
Այնինչ, 2011-ի օգոստոսին Ծաղկաձորում կազմակերպված համաժողովին գիտնականներին իր այցելությամբ, այնուհետև՝ խոսքով անակնկալի բերած ՀՀ նախագահին «պահանջել» բառը վիրավորեց ու զայրացրեց` որակվելով որպես ուլտիմատում: «Ձեզնից ո՞վ է լավ պատկերացնում, թե ընդհանրապես ինչքան է ֆինանսավորվում գիտությունը, և դա շա՞տ է, թե՞ քիչ, լա՞վ է կառավարվում, թե՞ վատ»,- լավ պատկերացնելու իր կասկածն ուղղելով ոչ միայն հավաքված տասնյակ երիտասարդ գիտնականներին, այլ նաև գիտության դոկտորներին ու ԳԱԱ թղթակից անդամներին, ասաց նախագահը: Հարցին, թե՝ գիտի՞ նախագահն արդյոք, թե քանի գիտնական կա Հայաստանում և արդյոք քանի տոկոսն է մրցունակ, պատասխանեց, որ չգիտի… և դա ասվեց նույն հպարտությամբ, ինչ հպարտությամբ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ ինքը գիրք կարդալ չի սիրում:
Գիտնականները նախագահի կողմից «մեղադրվեցին» կենցաղային հարցեր բարձրացնելու մեջ, որ վայել չէ իրենց, իսկ դահլիճից երբ հնչեց՝ իսկ ի՞նչ է` գիտնականը սովա՞ծ պիտի մնա, նա հայացքով գտավ հարցը հնչեցնողին ու ասաց. «Իսկ ի՞նչ է, դու հիմա սովա՞ծ ես» (…տղա՛ ջան):
Իսկ ի՞նչ է. շա՞տ զարմանալի կլիներ, եթե 30 000 ստացողը սոված լիներ:
Երբ Բյուրականի աստղադիտարանի աշխատակից Արեգ Միքայելյանն ասաց, որ հավաքվածները ոչ միայն ֆինանսավորման, այլև գիտնականի վարկանիշի բարձրացման ուղիներն են փնտրում, նախագահն անմիջապես սեփական վարքագծով հաստատեց, որ «ձուկը գլխից է…». ղեկավարությունը, հենց առաջինն է, որ հարգանք չունի գիտնականի հանդեպ:
Այս ամենն ակամա հիշեցրեց Վիկտոր Համբարձումյանի հանդիպումը Գորբաչևի հետ. երբ նա վերջինիս հարցնում է. «Դուք հիշո՞ւմ եք, թե ով էր պետության ղեկավարը Նյուտոնի ժամանակ» ու Գորբաչևի «ոչ» պատասխանին ավելացնում. «Ձե՛զ էլ չեն հիշելու»:
Պետության ղեկավարին չեն հիշում, եթե նրա օրոք նշանակալի բարեփոխումներ չեն լինում, իսկ այն տղային, ում հարցնում են` տղա ջան դու հիմա սովա՞ծ ես, շատ հնարավոր է` սերունդներ հիշեն:
Մանե Հակոբյան