Մուշեղ Ռաֆայելյանն ասպիրանտ է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում:
Իրեն համարում է բնավորությամբ ազատ մարդ. «և գիտությունը տալիս է ինձ այդ ազատությունը: Զբաղվելով գիտությամբ՝ ես անընդհատ փորձում եմ ստեղծել նորը, որը նույնպես ինձ ձգում է գիտության մեջ: Որոշեցի ֆիզիկոս դառնալ, որովհետև, իմ կարծիքով, գիտությամբ զբաղվելն ինձ մոտ ամենալավն է ստացվում: Երբ զգամ, որ, օրինակ, սպորտում ավելի լուրջ հաջողությունների կարող եմ հասնել, անպայման կփոխեմ մասնագիտությունս»:
Նախասիրություններն ու հետաքրքրությունները շատ լայն են և բազմերանգ` ծրագրավորում, երաժշտություն, գրականություն, տարբեր տեսակի խաղեր (շախմատ, բլոտ, պոկեր...) և այլն: Հետաքրքրվում է նաև բիզնեսով, քանի որ գտնում է, որ բիզնեսը նույնպես տալիս է գործողությունների բավականաչափ ազատություն: Առանձնահատուկ շրջադարձային պահեր իր կյանքում, որոնք արժանի են ուշադրության, չի առանձնացնում, կարծում է, որ դրանք դեռ առջևում են:
- Մուշեղ, կոնկրետ ի՞նչ գիտական խնդիրների վրա եք աշխատել անցյալում և աշխատում ներկա պահին, ի՞նչ տպագրություններ, ինչպիսի՞ հաջողություններ ունեք ընդհանրապես։
- Սկսել եմ զբաղվել գիտությամբ բակալավրիատի երրորդ կուրսից, երբ կուրսային աշխատանքիս ղեկավար ընտրեցի ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գևորգյանին: Միանգամից ասեմ, որ մինչև հիմա աշխատում եմ իր հետ: Ահա իմ կուրսային և դիպլոմային աշխատանքների վերնագրերը, որոնցից, կարծում եմ, կարելի է պատկերացում կազմել, թե ինչ գիտական խնդիրների վրա եմ աշխատել անցյալում և աշխատում ներկա պահին. 1. Կրկնակի պարուրայնությամբ քիրալ ֆոտոնիկ բյուրեղների օպտիկական հատկությունները, 2. Օպտիկական առանցքի կամայական կողմնորոշվածությամբ և կրկնակի անիզոտրոպությամբ, համասեռ միառանցք միջավայրում էլեկտրամագնիսական ալիքների անշրջելիությունը, 3. Հարթ էլեկտրամագնիսական ալիքները համասեռ, անիզոտրոպ միառանցք միջավայրում, 3. Անորոշ դիէլեկտրիկական և մագնիսական անիզոտրոպություններով խոլեստերիկ հեղուկ բյուրեղների օպտիկական հատկությունները:
- Ի՞նչ միջազգային գիտաժողովներում ու այլ գիտական ֆորումներում եք ներկայացրել Ձեր աշխատանքները, ինչպիսի՞ արձագանքներ են դրանք ստացել։ Ի՞նչ միջազգային գիտական համագործակցություններում եք ընդգրկված։ Ինչպիսի՞ն է դրանց արդյունավետությունն ու օգտակարությունը։
- Առաջին անգամ միջազգային գիտաժողովի մասնակցել եմ դեռևս բակալավրիատի չորրորդ կուրսում: Մինչ օրս, Հայաստանում և արտերկրում հինգ միջազգային գիտաժողովների եմ մասնակցել: Ինը գիտական աշխատանքների համահեղինակ եմ, և երեք գիտական հոդվածներ արդեն ավարտման փուլում են:
Կուզեմ առանձնացնել իմ վերջին ամիսների գիտական հաջողությունները: Նախ, ես առաջին անգամ սկսեցի աշխատել փորձարարական խմբի հետ` Ռոման Ալավերդյանի գլխավորությամբ: Հետազոտությունները վերաբերում են խոլեստերիկ հեղուկ բյուրեղների դիֆուզիայի և այդ բյուրեղների միջով լույսի տարածման հատկությունների ուսումնասիրությանը: Վերջիններիս հիման վրա դիմեցի և շահեցի ԿԳՆ Գիտպետկոմի` «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012» դրամաշնորհ, որի իրականացման արդյունքում կհրապարակվեն նոր հոդվածներ և կկարողանամ մասնակցել միջազգային գիտաժողովի:
Վերջում կուզեի նշել նաև իմ ոչ փոքր գիտական փորձը գերխիտ աստղերի սառեցման խնդիրներում: Արդեն մեկուկես տարի ներգրավված եմ «Ուժեղ մագնիսական դաշտով կոմպակտ աստղերի սառեցման էվոլյուցիան ու կառուցվածքը» դրամաշնորհում՝ դոկտոր Հ. Գրիգորյանի ղեկավարությամբ: Այդ ժամանակահատվածում պրոֆ. Դ. Բլաշկեյի կողմից հրավիրվել եմ Վրոցլավի համալսարան, Լեհաստան՝ նշված գիտական ուղղություններով ուսումնասիրություններ կատարելու համար: Այնուհետև Դուբնայում մասնակցել եմ մի գիտաժողովի, իսկ վերջերս էլ` այդտեղ անցկացվող ամառային դպրոցին:
- Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և որքա՞ն մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։
- Աշխատանքների մեծ մասի հեղինակները ես և Աշոտ Գևորգյանն ենք: Բայց վերջին երկու հոդվածների համահեղինակներ են նաև Հերմինե Ղարագուլյանը, Հայարփի Գրիգորյանը և Ռոման Ալավերդյանը: Այդ հոդվածները պարունակում են և՛ տեսական, և՛ փորձարարական արդյունքներ: Հոդվածների մեծ մասում իմ ներդրումը կայանում է տեսական հետազոտությունների կատարման մեջ, կատարում եմ մոդելավորում և համակարգչային հաշվարկներ:
- Ձեր վերաբերմունքը՝ տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին։ Արդյո՞ք դրանք բավականչափ փոխում են իրավիճակը։ Ինչպե՞ս է պետք զարգացնել այս քայլերը, որպեսզի ավելի լուրջ փոփոխություններ տեղի ունենան։
- Իհարկե, վերաբերմունքս դրական է: Այդպիսի մրցույթներն անշուշտ չեն կարող լուծել գիտության ֆինանսավորման հարցը, բայց կարող են փոխել հասարակության կողմից գիտության արժևորումը, խթանել այլ նման մրցանակաբաշխությունների անցկացումը, հանդիսանալ գիտության կազմակերպման խնդիրների և գիտական աշխատանքների գնահատման չափորոշիչների ակտիվ քննարկման առիթ:
- Ձեր կարծիքով, գիտական աշխատանքների գնահատման չափորոշիչներից ո՞րն է ավելի կարևոր՝ տպագրությունների քանա՞կը, ազդեցության գործակի՞ցը, թե՞ հղումների թիվը։
- Պետք է հաշվի առնել և՛ ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների քանակը, և՛ տպագրությունների ամսագրերի ազդեցության գործակիցները, և՛ հոդվածների հղումների թիվը. բոլորն էլ կարևոր ցուցանիշներ են, ու ցանկալի է բոլորը հաշվի առնել միաժամանակ:
- Որո՞նք եք համարում Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները։ Տեսնո՞ւմ եք լուծման ճանապարհներ։
- Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրներից կառանձնացնեմ երկուսը: Առաջինը և ամենագլխավորն այն է, որ այստեղ երիտասարդ գիտնականի համար իր գիտական ապագան անկանխատեսելի է: Երկրորդը՝ ֆինանսների և նորագույն սարքավորումների սղությունն է: Այս և այլ խնդիրների լուծման ճանապարհները ես տեսնում եմ գիտության, արդյունաբերության, արտադրության և բիզնեսի համագործակցություններում:
- Ինչի՞ հետևանք է Հայաստանում գիտության թերֆինանսավորումը, և տեսնո՞ւմ եք արդյոք լուծման ուղիներ։
- Իմ կարծիքով, Հայաստանում գիտության թերֆինանսավորումը հետևանք է և՛ հասարակության կողմից գիտությունը չկարևորելու, և՛ անկախության տարիներին արժեհամակարգի խեղման, և՛ պետական օղակների վատ աշխատանքի: Իհարկե, գիտության թերֆինանսավորման գլխավոր պատճառներից է նաև այն, որ Հայաստանի Հանրապետություննայսօր բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի:
- Ինչպե՞ս եք վերաբերվում գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը։ Արդյո՞ք գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը։
- Ոչ, ես սկզբունքորեն դեմ եմ այդպիսի մոտեցմանը: Յուրաքանչյուրը պետք է սովորի պաշտպանել իր շահերը, այդ թվում և գիտնականները, այլապես, հավատացեք, գիտության ֆինանսավորման հարցը այդպես էլ չի լուծվի:
- Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ՝ գիտության կազմակերպման ու խրախուսման հարցերում։
- Այո, որոշ դրական տեղաշարժեր տեսնում եմ:
- Որքա՞ն է տարածված կոռուպցիան գիտական աշխարհում ։
- Կարծում եմ, որ կոռուպցիան ամենաքիչը տարածված է հենց գիտական աշխարհում: Ես յոթ տարի է` սովորում եմ ֆիզիկայի ֆակուլտետում և նման բան չեմ նկատել:
- Կա՞ գիտական աշխարհում գենդերային խնդիր։
- Իմ կարծիքով՝ ոչ, գիտական աշխարհում գենդերային խնդիր չկա:
- Ինչպե՞ս եք վերաբերում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգին. արդյո՞ք մասնագիտական աճի հեռանկարների տեսակետից պետք չէ արագորեն ներդրնել այդ համակարգը Հայաստանում։
- Այո, PostDoc համակարգը կարող է խթանել երիտասարդ գիտնականների մասնագիտական աճը: Միգուցե կլինե՞ն և այլազգի երիտասարդ գիտնականներ, ովքեր կանեն իրենց PostDoc-ը այստեղ՝ Հայաստանում:
- Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։
- Կարճաժամկետ գործողումներ արտասահման, մասնակցություն միջազգային գիտաժողովներին, ընդգրկվածություն միջազգային համագործակցություններում կամ ժամանակավոր աշխատանք դրսում հնարավոր են, բայց միանշանակորեն` իմ ապագան պատկերացնում եմ Հայաստանում:
- Ի՞նչ կկամենայիք մաղթել երիտասարդ գիտնականներին ու, ընդհանրապես, գիտական հանրությանը։
- Հայաստանի երիտասարդ գիտնականներին ու գիտական հանրությանը մաղթում եմ հանգիստ ու անփորձանք գործունեություն, որպեսզի առավելագույն ժամանակ կարողանան տրամադրել գիտությանը:
.
Մանե Հակոբյան