Տրապիզոնի Չամոբա գյուղի պատմական Պոլիտա քրիստոնեական եկեղեցում գանձ որոնելու նպատակով երկու թուրք ընկերներ 50 մ երկարությամբ եւ 2 մ տրամագծով թունել են փորել` խարխլելով եկեղեցու հիմքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Միլիեթ» թերթը գրում է, որ թունելից դուրս գալու պահին` տեսնելով այնտեղ իրենց սպասող ժանդարմներին, նրանցից մեկը սրտի կաթված է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Մյուսը ձերբակալվել է եւ հարցաքննությունից հետո ստորագրությամբ ազատ է արձակվել:
Հարցաքննության ժամանակ արկածախնդիր գանձ որոնողն ասել է, թե այդ քայլին դիմել են ունեցած պատքը մարելու հույսով: «Մեր ընկերներից մեկը հավաստիացրեց, թե եկեղեցու ներսում ոսկի կա: Մենք թունել փորեցինք ոսկին գտնելու եւ մեր պարտքերը մարելու համար», -ասել է նա եւ նշել, որ զղջում է կատարվածի համար:
Թուրք ընկերները եկեղեցի մուտք գործելու համար թունելը փորել են երեք ամսվա ընթացքում: Թունելից հողը հանելու համար նրանք անգամ էլեկտրականություն են անցկացրել:
Մինչ դատարանի որոշումը գանձ որոնողները տուգանվել են 6000 լիրա (մոտ 2000 ԱՄՆ դոլար) ապօրինի էլեկտրականություն անցկացնելու համար:
Armenpress.am