Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում առեւտրի կենտրոնում տեղի ունեցած փլուզման հետեւանքով մահացած Նաիրա Գրիգորյանը Սյունիքի մարզի Կապան քաղաքից է: Այս մասին հայտնեցին մեր աղբյուրները:
NEWS.am-ին հաջողվեց կապ հաստատել Նաիրա Գրիգորյանի հարազատների հետ: Նրանք մեզ հետ զրույցում պատմեցին, որ Նաիրան մոտ 10 տարի առաջ ամուսնացել է կապանցու հետ եւ մեկնել Լատվիա: Նաիրա Գրիգորյանն այնտեղ ապրում էր ամուսնու հետ, ունի զույգ աղջիկ: Կինը չէր աշխատում, իսկ ամուսինը տարբեր աշխատանքներ էր կատարում: Նաիրա Գրիգորյանի հարազատները մեզ հետ զրույցում պատմեցին, որ դեպքի օրը նա գալիս էր տուն, երթուղայինից զանգել է աղջկան՝ հարցնելու, թե ինչ է պետք գնել եւ բերել: «Իջել է այդ կանգառում, հենց մտել է սուպերմարկետ, 5 րոպե հետո փլվել է, սպասել են, տեսել են՝ մայրը չկա, զանգել են հեռախոսին, անհասանելի է եղել, անմիջապես ահազանգել է ամուսինը, գնացել են դիահերձարաններ, նրան գտել են ջնջխված վիճակում»,- պատմեց նրա բարեկամը:
Կապանում այժմ ապրում է նրա մայրը եւ քույրը, կնոջ դիակը բերելու են Հայաստան, սակայն քանի որ Լատվիայից ուղիղ չվերթ չկա, դժվարություններ կան դիակի տարանցիկ տեղափոխման համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում առեւտրի կենտրոնում տեղի ունեցած փլուզման արդյունքում մահացել է Հայաստանի քաղաքացի Նաիրա Գրիգորյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am