Բյուրականի աստղադիտարանում Հայաստան բերված երեք աստղադիտակների տեղադրումը թույլ կտա ընդգրկել աստղադիտարանը տիեզերական աղբի միջազգային հսկողության համակարգում, «ԱՌԿԱ» գործակալությանն է հայտնել Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան, Կասպյան համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն։
Բյուրականի արդիականացված աստղադիտարանն ամբողջ հզորությամբ կաշխատի 2013 թվականի վերջին։ Աստղադիտարանի համալիր արդիականացման ծրագիրն իրականացվում է ՌԳԱ Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի և մի շարք ռուսական ձեռնարկությունների փոխգործակցության շրջանակներում։ Կարդիականացվեն և ամբողջ հզորությամբ կաշխատեն աստղադիտարանի երկու գլխավոր խոշորագույն աստղադիտակներ, որոնք կրկին որոշ պարամետրերով կդառնան լավագույններն աշխարհում։ Դրանց ավելանում է ռուսական նոր մոդուլի ևս հինգ փոքր աստղադիտակ։
«Սա շատ կարևոր ուղղություն է. Հայաստանը վերադառնում է տիեզերական ոլորտ` հաշվի առնելով Բյուրականի աստղադիտարանի առանձնահատկություններն ու վաստակը»,– ասաց Կովալենկոն։
Ռուսաստանի և Հայաստանի համատեղ տիեզերական հետազոտությունների մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած այցի արդյունքներին նվիրված ճեպազրույցում։
Բանակցությունների արդյունքում, ըստ նրա, կողմերը պայմանավորվել են գերակա օժանդակություն ցուցաբերել բարձր տեխնոլոգիական բնագավառների համատեղ նախաձեռնություններին։
«Խոսքը, մասնավորապես, Հայաստանի տիեզերական կապի և հեռարձակման սարք ստեղծելու, ինչպես նաև Բյուրականի աստղադիտարանի հիման վրա տիեզերական գիտական հետազոտություններ կազմակերպելու մասին է»,– ասել է ՌԴ ղեկավարը։
Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնվել է 1946 թվականին Արագած լեռան վրա` 1400 մետր բարձրության վրա։ 1998 թվականից աստղադիտարանը կրում է ականավոր աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անունը։
Աստղադիտարանը զբաղվում է տիեզերական օբյեկտների` աստղերի և գալակտիկաների վրա ոչ ստացիոնար երևույթների ուսումնասիրությամբ, որոնք տարբեր պայթյուններ են ունենում, ինչը թույլ է տալիս գտնել աստղերի և նյութերի ստեղծման ուղղությունները։
Նովոստի–Արմենիա