Թուրքիայում ակտիվ սկսել են քննարկել երգիծական Extra Version կայքի հրապարակումները, որոնց մի մասը նույնիսկ լրատվական կայքերում որպես լուրջ հրապարակում է դարձել։
NEWS.am-ը այս անգամ ներկայացնում է Extra Version-ի «Իրական Մուսթաֆա Քեմալը 1911-ին Տրիպոլիում է զոհվել» հրապարակումը:
Հիշյալ երգիծական հրապարակումը սկսվում է Յոսսի Կոհենի վերաբերյալ հետաքրքիր նկարագրությամբ: «Յոսսի Կոհենը ծնվել է 1871-ի փետրվարի 24-ին, Գերմանիայում, անգլիական արմատներով հրեայի ընտանիքում եւ Լոուրենս Արաբացու նման կրթվել է անգլիացիների կողմից: 17 տարեկանում մեկնել է Անգլիա եւ իսլամական հասարակությունները խորտակելու համար կրթություն ստացել: Անգլիացիները մեծ ներդրում են ունեցել իսլամական կայսրություն հանդիսացող Օսմանյան պետությունը կործանելու եւ ԱՄՆ-ը (Ալլահի միացյալ նահանգներ) անգլիականացնելու մեջ:
1982 թվականին Անգլիայում հոր անունը կրող՝ «Չարլիի շոկոլադի գործարանը» բացեց եւ նետվեց գործարար աշխարհ ու կարճ ժամանակում մեծ կապիտալ դիզեց: 1911-ին Օսմանյան մեծ սպաներից հանդիսացող եւ սուլթան Վահիդեթթինի հետ մտերմությամբ հայտնի Մուսթաֆա Քեմալ փաշան զոհվում է եւ նրա տեղը զբաղեցնելու համար Յոսսի Կոհենն է ուղարկվում անգլիացիների կողմից:
Նա սկսում է մասոնների կողմից իրեն հանձնարարված ծրագրերն իրականացնել եւ զավթող ուժերի դեմ պայքարող Վահիդեթթինին հեռացնում եւ ինքն է նրա տեղում նստում: Նա կործանում է Օսմանյան կայսրությունը եւ սկսում խեղաթյուրել պատմական իրականությունները, այդ սկսում է պայքարել քայքայելու ԱՄՆ-ին (Ալլահի միացյալ նահանգներ) եւ մի շարք թուրք-իսլամական երկներին: Նա նույնիսկ մեր նախնիների խոսքերը գրել է տվել իբրեւ իր ասած խոսքեր: Դրա վառ օրինակն է սուլթան Սելիմի հետ լուսին թռչած առաջին աստղագնաց Կափարիչագործ Հուսեյին էֆենդիի ասած «Ապագան երկնքում է» արտահայտությունը:
Ինչպես տեսնում եք լուսանկարում, նա իրական Մուսթաֆա Քեմալին բոլորովին նման չէ, նույնիսկ մորուք չունի»,-նշվում է հրապարակման մեջ:
Հետաքրքիր է նաեւ Յոսսի Կոհենի եւ Աթաթուրքի միջեւ եղած տարբերության նկարագրությունը, որտեղ նշվում է, թե իրական Մուսթաֆա Քեմալի հասակը 174 սմ էր, իսկ Յոսսի Կոհենինը՝ 168, թե իրական Մուսթաֆա Քեմալը ատամի խոզանակ էր օգտագործում, իսկ Յոսսի Կոհենը ատամները ողողում էր ռաքըով (անիսոնի օղի-խմբ), թե իրական Մուսթաֆա Քեմալը չէր ծիծաղում եւ պարում, իսկ Յոսսի Կոհենը միշտ ծիծաղում էր, վալս ու թվիսթ էր պարում:
Ներկայացված լուսանկարի աջ կողմում գրված է, թե իրական Մուսթաֆ Քեմալը 1911-ին սպանվել է անգլիացիների կողմից, որ նա մորուք է պահում եւ բերանը ատամի խոզանակով էր մաքրում: Իսկ լուսանկարի աջ կողմում գրված է, թե 1911-ից հետո ներկայացվածը հրեա գործարար Յոսսի Կոհենն է, ով մասոն էր եւ առիթի դեպքում սափրվում էր ու ծիծաղում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am