Հայաստանի նախագահի հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ վերջինիս երեւանյան այցի ընթացքում պլանավորված չէ եւ տեղի չի ունենալու: Այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ նախագահի խոսնակ Արման Սաղաթելյանը:
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հաստատել էր, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի կայանալիք նիստին հրավիրված են բոլոր մասնակիցները, այդ թվում` Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները:
Դավութօղլուն հայտարարել է, որ մասնակցելու է դեկտեմբերի 12-ին Երեւանում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, թուրքական Sabah-ը, վկայակոչելով իր անանուն աղբյուրները, գրել էր, թե Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան կատարելիք այցի շրջանակներում նախատեսում է հանդիպել Հայաստանի իր գործընկերոջ՝ Էդվարդ Նալբանդյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Հրապարակման մեջ նշվել էր, թե Դավութօղլուն Հայաստան է գնում 2 առաջարկով՝ Հայաստանը Ադրբեջանին հանձնի ազատագրված շրջաններից 2-ը, որի դիմաց Թուրքիան բացելու է սահմանը։ Զավեշտալին այն է, որ շեշտվում էր, թե Դավութօղլուի այս առաջարկը կարեւոր առիթ է Հայաստանի համար։