Թուրքիան դուրս կմնա տարածաշրջանի քաղաքական գործընթացներից, եթե Հայաստանի հետ հարաբերությունները չկարգավորի, «ԱՌԿԱ» գործակալությանն է հայտնել Կովկասի ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։
«Թուրքիան չի կարող Հարավային Կովկասում լուրջ քաղաքականություն վարել, մինչև իր մեջ Հայաստանի հետ գոնե «ֆուտբոլային դիվանագիտության» մակարդակով հարաբերություններ զարգացումների գնալու ուժ չգտնի։ Եթե դա չլինի, ապա Թուրքիան միշտ դուրս կմնա Հարավային Կովկասի քաղաքական գործընթացներից»,– նշեց Մինասյանը։
Մինասյանն ասաց, որ Թուրքիան վերջին մի քանի տարիների ընթացքում տապալել է իր բոլոր արտաքին քաղաքական նախաձեռնությունները, մասնավորապես, նրա ամենացավոտ ձախողումը Սիրիան էր, ինչը ներքին խնդիրների առաջացման հանգեցրեց։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Ստորագրումից հետո փաստաթղթերը պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: Արձանագրությունների ստորագրման հարցը գտնվում է սառեցված վիճակում։
Նովոստի–Արմենիա