Թուրքիայում Հայկական հարցի մասին գրող ուսանողներին ու ասպիրատներին հաշվառելու մասին հայկական «Ակոս»-ի հրապարակումը մեծ արձագանք է գտել։ Թեմայի շուրջ մեկնաբանություն է տվել Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ Մեթին Հուլագուն։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ Մեթին Հուլագուն հաստատել է, որ համալսարաններից խնդրել են Հայկական հարցի վերաբերյալ աշխատություն գրողների անունները եւ նրանց աշխատանքների վերնագրերը։ Մեթին Հուլագուն պնդել է, թե իրենք չեն հաշվառում ուսանողներին, այլ նրանց աշխատանքներով են հետաքրքրված որպեսզի դրանք ընդգրկեն 2015-ին հրատարակվելիք հայ-թուրքական հարաբերություններին նվիրված բազմահատոր աշխատության մեջ։
Անդրադառնալով իրենց աշխատությունների մեջ Հայոց ցեղասպանությունն ընդունող ուսանողներին կրթաթոշակ չտալու փաստին, Հուլագուն կրկին հերքել է դա՝ պնդելով, թե իրենք կրթաթոշակ են տալիս աշխատություն անողներին, ոչ թե ուսումնասիրում են, թե ինչ աշխատություն է գրում եւ նոր որոշում կայացնում։
Նշենք, որ «Ակոս»-ին փաստաթուղթ էր հասել, որտեղ նշվել էր, որ Հայկական հարցի շուրջ ուսումնասիրություններ անողների անունները, նրանց աշխատանքների վերնագրերն ու անձնական տվյալները պահանջվել են Թուրքական պատմագիտական ընկերության կողմից։
«Ակոս»-ի հետ զրույցում Թուրքական պատմագիտական ընկերության պատասխանատուներից մեկը նաեւ ավելացրել էր, որ իրենց աշխատություններում 1915-ը որպես Ցեղասպանություն ընդունող ուսանողները կամ ասպիրանտները կրթաթոշակ չեն կարող ստանալ, քանի որ Թուրքիան պաշտոնապես չի ընդունում Հայոց ցեղասպանությունը։