Շուտով Չեխիայի պատգամավորների նորըտիր պալատում կձեւավորվեն միջխորհրդարանական բարեկամության խմբերը, առաջիններից մեկը՝ Հայաստանի հետ: Այս մասին դեկտեմբերի 12-ին, Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի նորընտիր նախագահ Յան Համաչեկը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է չեխ խորհրդարանականին պալատի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց խորհրդարան հրավիրելու համար: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ փաստեցին միջխորհրդարանական կապերի զարգացման վերընթաց դինամիկան, հատկապես ՀՀ Ազգային ժողովի եւ Չեխիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի մակարդակով: Պարոն Համաչեկը հանձն է առել պատգամավորների պալատի մակարդակով եւս խորացնել գործակցությունը, նաեւ բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով:
Այնուհետեւ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ, հայ-չեխական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ պալատի նախորդ կազմի Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Րոբին Բյոհնիշը, որը նոր կազմում ընտրվել է բնապահպանության կոմիտեի նախագահ եւ միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ: Վերջինս հաջորդ շաբաթվա ընթացքում պատրաստվում է ստանձնել Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավարությունը: