ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը երկրի նախագահ Բարաք Օբամային նամակ է հղել՝ խնդրելով Սպիտակ տանը հայ որբերի գորգը տրամադրել Կապիտոլիումի բլրի վրա կայացող միջոցառման ժամանակ ցուցադրելու համար: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
Շիֆն այդ միջոցառումը կազմակերպում է Հայոց ցեղասպանությունից փրկվածների, պատմաբանների, Ամերիկայի հայ համայնքի անդամների, Կոնգրեսի անդամների ու դրա աշխատակիցների մասնակցությամբ, որպեսզի առանձացնի ամերիկյան կառավարության ջանքերը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից հետո հայ համայնքի օգնության համար:Կոնգրեսական նամակում մասնավորապես ասվում է. «Ամերիկացների մեծամասնությունը, այդ թվում նաեւ Կոնգրեսի իմ շատ գործընկերներ, չգիտեն ցեղասպանության հանդեպ ԱՄՆ-ի արձագանքի ծավալի մասին: Մեր ջանքերը, պետական ու անհատական, օգնել են տեղափոխել փախստականներին ու ողջ մնացածներին, նրանց ընտանիքներին օգնություն են ցուցաբերել ցեղասպանության տարիներին(1915-1923թթ.) եւ դրանից հետո: Սակայն Ամերիկայի շռայլությունը չի անտեսվել նրանց կողմից, ում մենք օգնել ենք:
1925թ.-ին մի խումբ հայ որդժբ երեխաներ, ովքեր տեղափոխվել են Հազիր, այժմ Լիբանան, գորգ են գործել, որն այսօր հայտնի է «որբերի գորգ» անվամբ ու այն նվիրել են ԱՄՆ նախագահ Քալվին Քուլիջին: Այդ ջանքերն առանձնացնելու համար ես կրթական միջոցառումներ կանցկացնեմ Կապիտոլիումում եւ նախատեսում եմ հրավիրել ցեղասպանությունից փրկվածների, պատմաբանների, Ամերիկայի հայ համայնքի անդամների, ինչպես նաեւ Կոնգրեսի անդամների ու դրա աշխատակիցների: Համարում եմ, որ այս միջոցառման շրջանակներում տեղին կլիներ ցուցադրել հազիրյան գորգը, որն արտացոլում է ցեղասպանության ողբերգությունն ու հայ ժողովրդի վերածնունդը: Հարգանքով խնդրում եմ, որպեսզի գորգը հասանելի լինի միջոցառման համար»:Հիշեցնենք, որ Ադամ Շիֆը նախկինում կոչ էր արել Սպիտակ տանը թույլ տալ հայ որբերի գորգի ցուցադրությունը Սմիթսոնյան ինստիտուտում:
Սպիտակ տանը պահվող գորգի ցուցադրությունն արգելվել է, հնարավոր է, Թուրքիայի բացասական արձագանքից խուսափելու համար: Գորգը գործվել է 1920-ական թվականներին ու պաշտոնապես Սպիտակ տանը հանձնվել 1925-ին: Այն պատրաստվել է ներկայումս Լիբանանում գտնվող Գազիր քաղաքում՝ ի նշան երախտագիտության՝ Ցեղասպանության տարիներին ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության: