Տիգրան Մանսուրյանի հոգեւոր երաժշտության հիմքում վիշտն է ընկած. մակերեսից այն խաղաղ, զարմանալի հյութեղ ու անհավանական գեղեցիկ է: Այդ երաժշտությունը ոչ այնքան հատում է տառապանքների սահմանը, որքան կլանում է այն, մեկ ընդհանրություն դառնում նրա հետ: Նրա գաղտնի զենքը շքեղ զգացմունքայնությունն է, եւ կասկած չկա, որ հենց դա է 75-ամյա հայ կոմպոզիտորին աշխարհահռչակ կերպար դարձրել:
Հենց այսպես է ամերիկյան «Los Angeles Times» թերթը մեկնաբանում Լոս-Անջելեսում կամերային երաժշտության «Դիլիջան» խմբի ունեցած համերգը՝ նվիրված հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, հավելելով, որ այս համերգը բացահայտեց կոմպոզիտորի մեկ այլ գաղտնի զենք: «Զգացմունքայնության հիմքում, նույնիսկ ավելի խորը, քան վիշտն է, ընկած է ապստամբ ոգին»,-նշում է թերթը:
Պարբերականի համաձայն՝ Տիգրան Մանսուրյանի զինանոցում երրորդ գաղտնի զենքը բարդ նրբությունն է: «Համարձակ էր տեխնիկան, սակայն այս ստեղծագործությունները տպավորում են հարմոնիկ մասնիկներով ու բացահայտում Մանսուրյանի մեղեդայնությունը, որը ոչ մի դաժանություն չի կարող ոչնչացնել. սա չորրորդ գաղտնի զենքն է»,- գրում է «Los Angeles Times»-ը: